(010) 303-300

Միջազգային կոնգրեսին Հայաստանն առաջին անգամ ներկայացրեց մեր համալսարանը

Այս տարի Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Լիոնում կայացած Հողաշեն կառույցներին նվիրված միջազգային կոնգրեսին: Հուլիսի 10-14-ն անցկացված գիտաժողովին մեր երկիրը ներկայացնում էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Երևանի քաղաքապետարանը և այլ կառույցներ: Լիոնի քաղաքապետարանի կողմից ուղարկված հրավերով Լիոն էին մեկնել ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը, ֆինանսական և տեղեկատվական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինե Ղազարյանը,ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման և վերակառուցման, գեղեցիկ արվեստի ու պատմության ամբիոնի վարիչի ժ.պ. Էմմա  Հարությունյանը և ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Լյուբա Կիրակոսյանը:

Աշխարհում տարեցտարի մեծանում է հողի՝ որպես ավանդական շինանյութ օգտագործման անհրաժեշտությունը և հողաշեն կառույցների պահպանման կարևորությունը: Հիմք ընդունելով այս հանգամանքը՝ դեռևս 1970-ական թթ-ից՝ 4 տարին մեկ, UNESCO-ն աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում է միջազգային գիտաժողով՝ նվիրված հողաշեն ժառանգության պահպանմանն ու զարգացմանը: Այս տարին նույնպես բացառություն չէր, իսկ 80 երկրի շուրջ 800 մասնակիցներով ընթացած գիտաժողովը նաև խորհրդանշական էր՝ պայմանավորված՝ մեր երկրին նվիրված երեկոյով  և հայաստանյան պատվիրակության Լիոնի քաղաքապետարանի կողմից կազմակերպած հատուկ ընդունելությամբ:

Գիտաժողովին մեր համալսարանի ներկայացուցիչները հանդես են եկել զեկույցներով՝ ներկայացնելով հայկական հողաշեն կառույցների պատմությունը, առանձնահատկությունները, պատմական զարգացման փուլերն ու հեղաշինության արդիականացման հնարավորությունները:

Ֆինանսական և տեղեկատվական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինե Ղազարյանը ներկայացրել է զեկույց՝ ՙՀողաշեն կառույցների ժառանգություն և կայուն զարգացում՚ թեմայով, Էմմա Հարությունյանը՝ ՙՀայկական հողաշեն բնակելի տների առանձնահատկությունները՚ թեմայով և Լյուբա Կիրակոսյանը՝ ՙԱրցախում Տիգրանակերտի հողաշեն կառույցները՚ թեմայով:

Աշխատանքային հնգօրյակը հագեցած է եղել գիտական զեկույցներով, աշխատանքային ու բարեկամական հանդիպումներով և նոր ծրագրերի հեռանկարների քննարկումով: Մեր համալսարանի պատվիրակությունը հյուրընկալվել է Լիոնի քաղաքապետարանում, որտեղ գիտաժողովի բոլոր գիտական ղեկավարների, Գրենոբլի Կրատեր լաբորատորիայի ղեկավարի և մի շարք հեղինակավոր անձնանց ներկայությամբ նշվել է Հայաստանի օրը: Ջերմ ընդունելությունից հետո Լիոնի քաղաքապետը անձամբ մեր պատվիրակությանը հրավիրել է միասին նշելու Բաստիլի գրավման օրվան  նվիրված  հանդիսավոր արարողություններին և զինվորական  շքերթին:

Ռեկտոր Գալստյանն ընդունելության ժամանակ իր երախտիքի խոսքերն է հղել կոնգրեսի  կազմակերպիչներին, ամփոփել համագործակցության արդյունքները: Ներկայացնելով մեր երկրի հողաշեն կառույցների ժառանգությունն ու զարգացման հնարավորությունները, ինչպես նաև այս կոնգրեսին մասնակցության ու փոխգործակցության եզրեր ձևավորելու՝ մեր համալսարանի ներդրած ջանքերը, Գ. Գալստյանը հույս է հայտնել, որ հողաշեն կառույցներին նվիրված միջազգային գիտաժողովը մոտ ապագայում հնարավոր է որ կրկին անցկացվի նաև Հայաստանում:

21.07.16