ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Կար-չկար՝ մի փոքրիկ Ադամ կար: Այս փոքրիկն անընդհատ հարցնում էր մորը, թե ով է հերոս Ադամ Սահակյանը, ում մասին անընդհատ խոսում են: Մայրը խոստանում է փոքրիկին տանել Ադամ Սահակյանի տուն… Եվ, տուն մտնելուց, Ադամ Սահակյանի լուսանկարը տեսնելուց հետո, փոքրիկի առաջին արձագանքը լինում է՝ «Ողջո՜ւյն, Ադամ»:
Այս մտացածին դրվագից էլ ծնվում է Սամվել Բիշարյանի «Hello, Adam!» /«Ողջո՜ւյն, Ադա՛մ»/ գիրքը: Գեղարվեստական լուծումներով և դառը, բայց հպարտ իրականությունն արտացոլող պատմվածքների շարանում Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մինչպատերազմյան կյանքն է, հետո՝ նրան ուղղված մեծարանքի խոսքերն՝ արդեն որպես հերոս:
Հեղինակը պատմում է, որ Քառօրյա պատերազմից հետո, Ադամի ժպիտը մեխվել էր գիտակցության մեջ. Ադամին նվիրված՝ իրար հաջորդող բանաստեղծությունները չէին փոխանցում այն երախտիքն ու հպարտությունը, որը կար: Պետք է ստեղծվեր այնպիսի գործ, որը սերունդներին կծանոթացներ հերոսի սխրանքի հետ և հայրենասիրություն կսերմաներ:
Գրքի շնորհանդեսին ներկա Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Դիզայնի ֆակուլտետի փոխդեկան Թամարա Սարգսյանը մեծ սիրով ու գորովանքով հիշեց իր խելացի և շնորհալի ուսանողին՝ անձամբ շնորհակալ լինելով Ադամի ծնողներից:
«Hello, Adam!» գիրքն անգլալեզու է՝ միջին տարիքի դպրոցականների շրջանում անգլերենի գիտելիքները զարգացնելու և ավելի լայնամասշտաբ ընթերցող գրավելու համար: