(010) 303-300

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՎ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԱՊՐԻԼԻ 15-ԻՑ

2026-2027 ուսումնական տարվա բուհերի ընդունելության համար, բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրումը կիրականացվի ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը:

Դիմորդը բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննություն(ներ)ը հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու (պահպանելու) համար պետք է ունենա Գնահատման և թեստավորման կենտրոնի անձնական համար և  մինչև մայիսի 10-ը առցանց եղանակով ԳԹԿ-ի  dimord.am   կայքէջում լրացնի ընդունելության դիմում-հայտը:

ԳԹԿ անձնական համար ստանալու համար շրջանավարտը դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2026-2027 ուսումնական տարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին: Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը ներկայացված է կից:

Ուսումնական հաստատության տնօրենը ստուգում է ընդունելության քննություն հայտագրել ցանկացող դիմորդի՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 1500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագրի առկայությունը, իսկ ներբուհական քննություն հանձնող դիմորդների դեպքում՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 15100-01964940200 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 1500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագրի առկայությունը կամ վճարից ազատված լինելու փաստաթուղթը, և տալիս ԳԹԿ անձնական համար։

Միասնական և ներբուհական քննությունների վճարից ազատվում են`

  • Պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
  • 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
  • ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
  • Առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

Ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը լրացնելու ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չեն, և լրացուցիչ փաստաթղթեր չեն ընդունվում: Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի ընդունելության  դիմում-հայտ:

Միասնական քննությունները կանցկացվեն  հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ներբուհական քննությունները` հունիսի 26-ից մինչև հուլիսի 8-ը:

Մասնագիտությունների հայտագրման երրորդ (լրացուցիչ) փուլն ընդգրկում է տվյալ տարվա հուլիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում հիմնական փուլի մրցույթի արդյունքներով բուհ չընդունված դիմորդների կողմից մեկ կամ ավելի բուհ մինչև վեց մասնագիտության առցանց հայտագրումը, եթե այդ մասնագիտությունների գծով առկա են թափուր տեղեր, և դիմորդն այդ մասնագիտությունների համար սահմանված միասնական քննություններից ունի դրական գնահատականներ:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը հիմնական մրցույթի արդյունքները հաստատում է մինչև տվյալ տարվա հուլիսի 18-ը, իսկ լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթի արդյունքները հաստատում է հուլիսի 30-ին:

Համալսարանի մասնագիտություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարեք 010 303 300 (933) հեռախոսահամարով:

09.04.26