(010) 303-300

ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԵԾԱՐԵՑԻՆ ՍՊԱՐԱՊԵՏԻՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 25 ուսանող մարտի 6-ին այցելեցին Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան: Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 59-րդ տարեդարձի առթիվ՝ ուսանողները ներկայացրին «Արցախյան հերոսներից՝ մերօրյա հերոսներ» համերգային, թատերական ներկայացումը՝ հիշելով և մեծարելով այն հերոսներին, որոնք իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի:

ՃՇՀԱՀ Ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) նախաձեռնությամբ անցկացված թատերական ներկայացման ժամանակ ցուցադրվեցին նաև Արցախյան ու ապրիլյան քառօրյա պատերազմներից դրվագներ:
Պարգևատրվեցին ավիացիոն համալսարանի հրամանատարական կազմի անդամներ և սաներ: Ավիացիոն hամալսարանի ղեկավարությունն էլ պարգևատրեց ակտիվ ուսանողներին՝ ռազմահայրենասիարական դաստիարակությանը նպաստելու և ցուցաբերած ակտիվության համար:
Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետ, գեներալմայոր Դանիել Բալայանի հավաստամամբ՝ սա բավականին լավ նվեր էր, հուշ՝ սպարապետ Վազգեն Սարգսյանին: Նա հայտարարեց, որ Վազգեն Սարգսյանի դերակատարությունը մեծ է եղել ոչ միայն երրորդ հանրապետության, այլև իրենց համալսարանի ստեղծման գործում: ՀԵՀ ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար Արուսյակ Պողոսյանն ընդգծեց հիմնադրամի՝ հոգևոր, հայրենասիրական, մշակութային դաստիարակությանն ուղղված ծրագրային ուղղությունը, որը կարևոր է, հատկապես, հերոսների ճանաչելիության խնդիրը: Նա գովելի համարեց այն, որ նման նախաձեռնությունները գալիս են հենց ուսանողների կողմից. «Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը տոն է ողջ բանակի համար: Իսկ ընտրված ձևաչափը հենց ռազմական կրթության համար է: Մեծարում ենք մեր Սպարապետին, և նման նախաձեռնություններով նպաստում, որպեսզի նրա կերպարը ճանաչելի լինի նաև մեր ու մեզանից հետո եկող սերունդներին՚:

Ռեկտորի խորհրդական, Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը տեղեկացրեց, որ արդեն 4-րդ անգամն են խաղում թատերական ներկայացումը, որից մեկը Արցախի հանրապետությունում: Այնուհետև հայտնեց՝ առաջիկայում նույնպես կլինեն միջոցառումներ ՀՀ զինված ուժերի հետ:

 

07.03.18