(010) 303-300

Մեր ուսանողները լավագույն ուսանող

Երեկ կայացած «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխության հաղթողների շարքերում են եղել նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության ու ճարտարապետության ֆակուլտետների ուսանողներ Արթուր Մուսայելյանը և Արեգ Ասրաբյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ողջունելով հաղթող ուսանողներին, նշել է, որ 3 տարի առաջ նախաձեռնված հանրապետական մրցույթը նպատակ է ունեցել բացահայտել լավագույն ուսանողներին՝ այդպիսով նաև խրախուսելով և աջակից լինելով նրանց: Նախարարն ընդգծել է, որ մրցույթի արդյունքները ցույց են տալիս երկրին և  հասարակությանը, թե ովքեր են այսօրվա հերոսները:

Նշենք, որ «Լավագույն ուսանող» մրցույթն իրականացվում է 2013 թվականից ՝ ըստ հետևյալ ոլորտների՝  բնագիտական, բժշկություն, հումանիտար գիտություններ, հասարակագիտություն, ճարտարագիտություն, մշակույթ-սպորտ և հայագիտություն: Այս տարի հաղթող են ճանաչվել մարզերի և մայրաքաղաքի 18 բուհերի 39 ուսանողներ:

Մրցույթին մասնակցության հնարավորություն են ունեցել առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ առաջին կիսամյակն ավարտած ՀՀ պետական և հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները: Մրցույթի ներբուհական փուլը կազմակերպում են բուհերը: Մրցութային հանձնաժողովի կազմը հաստատում է ռեկտորը, որի մեջ ընդգրկվում են՝ ֆակուլկտետի դեկաններ, ամբիոնի վարիչներ, գիտական խորհրդի, ռեկտորատի, ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչներ:

Մինչև հոկտեմբերի 20-ը բուհերը ՀՀ կրթության և գիտության նախարարություն են ներկայացնում ըստ վերոնշյալ ոլորտների և կրթական ծրագրերի մեկական հաղթողների տվյալներ:
Երկրորդ փուլում մրցութային հանձնաժողովը հաստատում է ՀՀ կրթության և գիտության նախարարը, որի կազմի մեջ ընդգրկվում են՝ 3 ներկայացուցիչ նախարարությունից, 3 բուհերի ուսանողներից, 4 բուհերի մրցույթի կազմակերպիչներից և 1 Հայաստանի երիտասարդական հիմնադրամից: Հանձնաժողովը մինչև դեկտեմբերի 10-ը յուրաքանչյուր ոլորտում որոշում է 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի հաղթողներին :

Հաղթողները որոշվում են հավաքած առավելագույն միավորների արդյունքներով: Հավասար միավորների դեպքում հաշվի է առնվում ուսանողի առաջադիմությունը: 2015 թ. մրցույթում ըստ ոլորտների հաղթող ճանաչված ուսանողները համապատասխանաբար պարգևատրվել են հավաստագրերով և մեկանգամյա անվանական կրթաթոշակներով. 1-ին տեղ՝ 440 հազար դրամ, 2-րդ տեղ` 228.5 հազար դրամ, 3-րդ տեղ՝ 200 հազար դրամ

11.02.16