(010) 303-300

ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի ունեցավ 2021 թ. «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, այլ բուհերի ռեկտորներ և ուսանողներ:

Մրցույթի նպատակն է բացահայտել ու խրախուսել բուհերի այն ուսանողներին, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել համապատասխան մասնագիտական ոլորտներում (բնագիտության, հասարակագիտության, հայագիտության, հումանիտար, բժշկության, ճարտարագիտության և մշակույթ-սպորտի):

ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Կարեն Թռչունյանը տեղեկացրեց, որ մրցույթում հաղթող են ճանաչվել 34 ուսանողներ, որոնցից 16-ը՝ բակալավրի կրթական աստիճանով, իսկ 18-ը՝ մագիստրոսի: 1-ին տեղը զբաղեցրել է 13 ուսանող, որոնց կշնորհվի 445.000-ական դրամ, 2-րդ տեղը՝ 11 ուսանող, որոնք կստանան 345.000-ական դրամ, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցրած 10 ուսանողի կշնորհվի 220.000-ական դրամ կրթաթոշակ:

ՃՇՀԱՀ քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Տիգրան Մանուկյանը ճարտարագիտության ոլորտում գրավեց առաջին հորիզոնականը, իսկ ճարտարապետության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Մելայնա Հակոբյանը գրավեց բակալավրի կրթական ծրագրով ճարտարագիտության ոլորտում 3-րդ հորիզոնականը։

Շնորհավորում ենք մեր ուսանողուհուն հաղթանակի առթիվ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ:

07.02.22