(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «ԳՈՏԻ ԵՎ ՈՒՂԻ» ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՑՈՐՑԻՈՒՄԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

Հեռավար եղանակով կայացավ «ԳՈՏԻ ԵՎ ՈՒՂԻ» ճարտարապետական համալսարանների միջազգային կոնսորցիումի հնգամյա հոբելյանի ու Պեկինի շինարարության և ճարտարապետության համալսարանի հիմնադրման 115-ամյակին նվիրված տոնակատարությունը:

2022 թ. Պեկինի շինարարության և ճարտարապետության համալսարանը նշում է հիմնադրման 115-ամյակը, ինչպես նաև «ԳՈՏԻ ԵՎ ՈՒՂԻ» ճարտարապետական համալսարանների միջազգային կոնսորցիումի հիմնադրման հնգամյա հոբելյանը:

Պեկինի շինարարության և ճարտարապետության համալսարանը 115-ամյա գործունեության ընթացքում տվել է ավելի քան 70000 շրջանավարտ բազմաթիվ ոլորտներում: Նրանք դարձել են հանրաճանաչ ճարտարապետներ, շինարարներ, գիտնականներ, ինժեներներ, արվեստագետներ, կառավարիչներ թե՛ Չինաստանում, թե՛ աշխարհի բազմաթիվ երկրներում: Կադրերի պատրաստման սկզբունքը Պեկինի շինարարության և ճարտարապետության համալսարանում եղել է ուսանողին օժտել այնպիսի կայուն ու հարուստ գիտելիքներով, կարողություններով ու հմտություններով, որ շրջանավարտներն իրենց ոլորտներում կարողանան խնդիրներ դնել, տալ դրված ու առկա խնդիրների ճշգրիտ լուծումները՝ ուղղորդելով դրանք համապատասխան ոլորտների զարգացմանը, դառնալով նաև տնտեսության շարժիչ ուժը: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ու Պեկինի շինարարության և ճարտարապետության համալսարանի շուրջ 15 տարվա համագործակցության ընթացքում կազմակերպվել են ուսանողների, դասախոսների, փորձագետների փոխանակումներ, ամառային դպրոցներ, գիտաժողովներ, ինչպես նաև ուսանողական մրցույթներ:

Պեկինի շինարարության և ճարտարապետության համալսարանի հիմնադրման 115-ամյակի և «ԳՈՏԻ ԵՎ ՈՒՂԻ» ճարտարապետական համալսարանների միջազգային կոնսորցիումի հնգամյա հոբելյանի առթիվ նոյեմբերի 7-ին առցանց տարբերակով կայացավ մրցույթին մասնակցած ու մրցանակային տեղեր զբաղեցրած նախագծերի ներկայացումը:

Արդեն երրորդ տարին է՝ ՃՇՀԱՀ ուսանողներն ու դասախոսները մասնակցում են «ԳՈՏԻ ԵՎ ՈՒՂԻ» ճարտարապետական համալսարանների միջազգային կոնսորցիումին: 2022 թ. ՃՇՀԱՀ ճարտարապետության և շինարարության ֆակուլտետների ուսանողները նախագծերով մասնակցել են թվային ճարտարապետական նախագծային միջազգային ուսանողական մրցույթին: Ճարտարապետության ֆակուլտետը (5 ուսանող ու 2 ղեկավար) մրցույթին ներկայացել է «Դաբանչենգի երկաթուղային կայարանի հայեցակարգային ճարտարապետական նախագիծ» թեմայով, իսկ շինարարության ֆակուլտետը (4 ուսանող ու 2 ղեկավար)՝ «Երևան–Այրում Վրաստանի սահմանի Ֆիալետովո–Վանաձոր հատվածի «KM20+300» կամրջի նախագծում» թեմայով:

ՃՇՀԱՀ-ի կողմից ներկայացրած երկու նախագծերն արժանացան պատվավոր շնորհակալագրերի: ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը հանդես եկավ տեսաձայնային ողջույնի խոսքով:   «Հարգելի՛ բարեկամներ, իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում կոնսորցիումի բոլոր անդամներին, առանձնապես չինական կողմին՝ այս կրկնակի հոբելյանական միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու, մեր համագործակցության կայունությունը ապահովելու համար»,– նշեց պարոն Վարդանյանը:

17.11.22