«Заводной Aпельсин»-ն իր միջազգայնությամբ և յուրահատկությամբ վաղուց դարձել է դիզայներ ուսանողների սիրելի մրցույթը: Այս տարի նույնպես, անկախ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խոչընդոտներից, ամռանը Մոսկվայում անցկացվեց «Заводной Aпельсин» փաթեթավորման դիզայնի ուսանողական միջազգային մրցույթը, որի համար տարին հոբելյանական էր՝ նշվում էր մրցույթի կազմավորման 25-րդ տարեդարձը:
Մեր համալսարանի Դիզայնի ամբիոնի ուսանողներն, իհարկե, նույնպես մասնակից էին՝ արդեն 11-րդ տարին անընդմեջ: Գովասանքի և համալսարանը պատվով ներկայացնելու առումով այս տարին ևս բացառություն չէր: Մեր ուսանողների ներկայացրած աշխատանքները մրցութային հանձնաժողովի կողմից արժանացան մասնագիտական բարձր գնահատականի:
Հպարտանում, շնորհավորում և նոր հաղթանակներ ենք մաղթում մրցույթի մասնակիցներ Մազմանյան Լիանային, Մարդանյան Լուսինեին և Կարապետյան Լիլիին: Նշենք նաև, որ մրցույթի մասնակցության կազմակերպչական աշխատանքերը բարձր մակարդակով իրականացնելու համար դիպլոմներ են շնորհվել Դիզայնի ամբիոնին, ամբիոնի վարիչ Աշոտ Բաղդասարյանին և դասախոս Սաթենիկ Դանիելյանին: