ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Նոր կապեր հաստատելը, միջազգային հարթակներում առավել ճանաչելի դառնալը, բազմաթիվ նոր ու բացառիկ լաբորատորիաների գործունեության արդյունքում գիտաուսումնականից գիտաարտադրական կենտրոնի վերածվելը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կարևորագույն սկզբունքն ու առաջմղիչ ուժն է:
Այսօր այս նպատակով մեր համալսարանը հյուրընկալել էր «Հայ ճարտարագետների և գիտնականների» ընկերության նախագահ Ռազմիկ Գարականյանին ու «Աթոյան և ասոցիացիա» ընկերության հիմնադիր Էդդի Աթոյանին: Հյուրերի հետ հանդիպմանն ու հետագա համատեղ ծրագրերի քննարկմանը մասնակցում էին ռեկտոր Գագիկ Գալստյանը և պրոռեկտորները:
Ամերիկահայ մասնագետները, նախևառաջ, հետաքրքրվեցին մեր համալսարանի պոֆեսորադասախոսական կազմով, ուսումնական պրոցեսով և, իհարկե, լաբորատորիաներով, որտեղ շրջելուց հետո իրենց անկեղծ հիացմունքը հայտնեցին կատարված աշխատանքների և նման արդյունքի մասին:
Համագործակցելու, մեր ու աշխարհի տարբեր առաջատար համալսարանների հետ կապերի հաստատմանն օժանդակելու և Հայրենիք-Սփյուռք կամուրջ ստեղծելու յուրահատուկ միջնորդությամբ Հայաստանում գտնվող Ռազմիկ Գարականյանը և Էդդի Աթոյանը պատահական չէր, որ այսօր հենց մեր համալսարանում էին:
Հաշվի առնելով Գագիկ Գալստյանի՝ շինարար և ՀՀ Շինարարների միության նախագահ լինելու հանգամանքը, Ռ. Գարականյանը և Էդ. Աթոյանն առաջարկեցին իրենց օգնությունը՝ ընդօրինակելով առաջատար երկրների փորձը, օգտագործել արևային էներգիան և այն յուրաքանչյուրին հասանելի դարձնելու նպատակով, հարցը տեղափոխել օրինական դաշտ:
Հեռանկարները լավատեսական էին, քննարկած թեմաները՝ ազգանպաստ ու լուսավոր: Հանդիպման ավարտին ամերիկահայ հյուրերը հավաստիացրին, որ մեր համալսարանը հնարավորության բոլոր սահմաններում կներկայացնեն թե Միացյալ Նահանգների, թե աշխարհի լավագույն բարձրագույն կրթական հաստատություններում::