ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ապրիլի 27-ից մայիսի 2-ն աշխատանքային այցով Լեհաստանում էին գտնվում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը և Քաղաքաշինության ամբիոնի վարիչ Զառա Մամյանը: Այցի նպատակը՝ Լեհաստանի Չեստոհովա քաղաքի Տեխնոլոգիական համալսարանի հետ հետագա համագործակցության հարցերը քննարկելն ու զեկույցներով հանդես գալն էր:
Մեր և Չեստոհովայի համալսարանների համագործակցությունը սկսվել է դեռևս 2012թ-ին, իրականացվել են բազմաթիվ համատեղ նախագծեր, ուսանողների և դասախոսների փորձի փոխանակման ծրագրեր:
Այս անգամ այցը նույնպես կառուցողական էր: Մեր համալսարանի պատվիրակությունը շրջեց Չեստոհովայի համալսարանում, ծանոթացավ գործող լաբորատորիաներին և ներկայացրեց պատրաստած զեկույցները: Ռեկտոր Գալստյանը հանդես եկավ «Հայաստան. Շինարարական գործունեություն՝ երեկ, այսօր, վաղը», իսկ Զառա Մամյանը՝ «Հայաստան. Քաղաքաշինական գործունեություն՝ երեկ, այսօր, վաղը» թեմայով զեկույցներով:
Աշխատանքային այցն ամփոփվեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Չեստոհովայի Տեխնոլոգիական համալսարանի միջև կնքված հետագա համագործակցության պայմանագրով: