(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ՄԵՐ ԱՐՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿՈՂ Է, ՀԵՏԵՎԱԲԱՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՀԵՌՈՒ ՉԷ». ՀԵՐՈՍ-ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Հայ զինվորը պատերազմից չի վախենում, առավել ևս, չի վախենում իր կյանքի համար, այլ՝ եղբոր, ընկերոջ, հոր: Արցախյան երկրորդ պատերազմը, բացի անպատմելի ցավից, թողեց նաև բազմահատոր պատմություններ ուժի, կամքի, ինքնազոհության և հերոսության մասին:

Այդպիսի պատմություններ են շրջում նաև մեր համալսարանում՝ պատմվելով հենց գոյամարտին մասնակից ուսանողների շուրթերից: Նրանցից Կառավարման ֆակուլտետի ուսանող, պահեստազորային Սեյրան Պոդոսյանը պատերազմի արհավիրքն արդեն մեկ անգամ մաշկի վրա զգացել էր. Ապրիլյան քառօրյային նույնպես մասնակցել էր: Այս անգամ մեկնել էր Արցախ հորեղբոր տղաների հետ՝  «Երդվյալ ազատամարտիկների» միությանը կցված: Պատմում է, որ մեծ ու փոքր մեկնում էին ռազմաճակատ մեկ նպատակով՝ օրհասական պահին կրտսեր ընկերների կողքին լինելու և նրանց սատար կանգնելու համար: Սակայն տեղում պատկերն այլ էր. «Մեզ թվում էր մենք ավելի փորձով ենք, ավելի հավասարակշռված ու գիտակ, սակայն ժամկետային զինծառայողներն ավելի հասուն ու քաջ էին, իրենց գործը պատվով էին կատարում և տեղն եկած ժամանակ իրենք էին մեզ ոգևորում»:

Մարտական գործողությունների է մասնակցել Ջաբրայիլում ու Հադրութում և, եթե ծխի թանձր ու կուրացնող ամպի հետևում թողած դեպքերը նկարագրել հրաժարվում է, ապա մի դեպք հիշում է ջերմությամբ. «Հադրութի գնդում էինք, ավիացիա էր աշխատում, շատ վտանգավոր իրավիճակ էր: Հանկարծ այդ պահին երդվյալներից մեկը դուրս եկավ թաքստոցից և գոռաց՝ ո՞վ կգա հետս գնանք սնունդ բերենք»:

Ջաբրայիլում է Հայրենիքին իր պարտքը տվել նաև նույն ֆակուլտետի ուսանող Արմեն Ափինյանը: Նա էլ խոստովանում է, որ այսպիսի պատերազմ տեսած չկար, պատերազմ, որտեղ չկար կոնտակտային կռիվ, որտեղ թշնամին կռվում էր քեզ հետ ոչ թե հողի վրա, քո դիմաց, այլ՝ օդում:

Այս պատերազմը բոլոր պատկերացումներից ու երևակայությունից դուրս էր նաև մինչև վերջին օրը ռազմի դաշտը չլքած Ռազմիկ Մուրադյանի համար: «Աղդամում էինք, առաջնագիծ էինք մեկնել չորս ընկերներով, առաջին զգացողությունն, իհարկե, վախն էր, բայց դա մղվում է երկրորդ պլան հենց այն պահին, երբ ողջ գիտակցությունդ ուղղվում է ողջ մնալու վրա»,-պատմում է և կիսվում իր պողպատե համոզմունքով. «Մեր արյունը հաղթանակող է, պարզապես հանգամանքները բարենպաստ չէին…»: Իսկ հիմա, ասում է, մինչև բաղձալի հաղթանակը, պիտի գնահատենք ունեցածը և ապրենք նաև զոհված տղերքի կյանքն արժանավայել:

23.02.21