ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գրաֆիկ դիզայներները չեն սիրում սահմանափակել իրենց միտքը ստանդարտներով, մշտապես նորի ու կրեատիվի փնտրտուքի մեջ են:
Այսպես, երկար մտորելուց և այլընտրանքային ուղիներ որոնելուց հետո, ծնվեց մի սիրուն ու տարբերվող նախագիծ: Եթե բարձրանաք համալսարանի 4-րդ հարկ, կտեսնեք Մայր Հայաստանի հուշահամալիրը, բայց ոչ թե ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի և քանդակագործ Արա Հարությունյանի հեղինակած, այլ՝ Դիզայն ամբիոնի դասախոս Տարոն Ալեքսանյանի և գրաֆիկ-դիզայնի 4-րդ կուրսի ուսանողներ Ասթինե Սարգսյանի, Քրիստինա Մովսիսյանի և Լուիզա Ներսիսյանի:
Բոլորիս հայտնի արվեստի գործը մերոնք փորձել են կրկնօրինակել պիքսելային լուծումներով՝ նշումների համար նախատեսված թղթերի կիրառմամբ: Տարոն Ալեքսանյանը վստահ է, որ նմանատիպ նախաձեռնությունները ոչ միայն զարգացնում են ուսանողների միտքը, այլև համեմում եմ ուսանողների առօրյան արվեստով և այն առավել հետաքրքիր դարձնում:
Համալսարանում կետային տարբերակով իրականացված Մայր Հայաստանի օրինակն առաջինն է, բայց՝ ոչ վերջինը: Գաղափարները շատ են, մեկը մյուսից գեղեցիկ ու անհավանական: Ինչպես նշում է Տ. Ալեքսանյանը, նախագիծը շարունակական է լինելու, արդեն աշխատանքային ընթացքի մեջ են հայտնի նկարիչների գործերը: Իսկ ցուցահանդես անպայման լինելու է, երբ բավականաչափ որակյալ, հետաքրքիր, գունեղ ու բովանդակալից աշխատանքներ կունենան: