ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Այսօր տեղի ունեցավ Ուսանողական խորհրդի արտահերթ նիստը, որին ներկա էին նաև ՃՇՀԱՀ ռեկտոր Գ. Գալստյանը, ռեկտորի առաջին տեղակալ, պրոռեկտոր՝ Ե. Վարդանյանը, ուսումնական գծով պրոռեկտոր՝ Ա. Բարխուդարյանը և անվտանգության վարչության պետ՝ Գ.Գասպարյանը:
Նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, այդ թվում նաև ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունները: Ուսանողական խորհրդի կողմից ռեկտոր Գ. Գալստյանին զեկուցվեց առաջարկ՝ հավաքագրել առաջին անհրաժեշտության պարագաներ, անհրաժեշտ սնունդ և ուղարկել առաջնագիծ:
Առաջարկը միանշանակ բավարարվեց. ռեկտորի կողմից կտրամադրվի հատուկ լսարան, որտեղ կհավաքվի առաջին անհրաժեշտության պարագաները: ՃՇՀԱՀ ռեկտոր Գ. Գալստյանը մասնավորապես նշեց, որ Արցախի Հանրապետության կառավարությունը թիկունքային և ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու համար ստեղծել է օպերատիվ շտաբ, ստեղծված օպերատիվ շտաբի պարենային ծառայության պատասխանատու է նշանակվել ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը, իրային ծառայության ապահովման մասով` Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Արտակ Միրզոյանը:
ՃՇՀԱՀ ռեկտորի և Ուսանողական խորհրդի կողմից տրամադրվող առաջին անհրաժեշտության պարագաները, անհրաժեշտ սնունդը կուղարկվի առաջնագիծ՝ Արցախի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված օպերատիվ շտաբի օգնությամբ: