ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Պեկին, Կուալա Լումպուր, Մոսկվա. սա «Մեկ գոտի և մեկ ուղի» Ճարտարապետաշինարարական համալսարանների կոնսորցիումի աշխարհագրությունն է: Արդեն 3-րդ անգամ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ որպես հիմնադիր անդամ՝ ի դեմս ռեկտոր Գագիկ Գալստյանի և Ֆինանսատնտեսական և տեղեկատվական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինա Ղազարյանի, մասնակցում է կոնսորցիումի աշխատանքներին և ռեկտորների ֆորումին: Նշենք, որ «Մեկ գոտի և մեկ ուղի» կոնսորցիումը ձևավորվել է՝ հավատարիմ մնալով Մետաքսի ուղու «Խաղաղություն և համագործակցություն, հրապարակայնություն և համընդգրկունություն, փոխադարձ ուսումնառություն և փոխադարձ օգուտներ» գաղափարախոսությանը, և նպատակ ունի ստեղծել համագործակցության հարթակ և ճարտարապետական առարկաների ու համալսարանների հետ բացահայտել նորարարական զարգացման մեխանիզմները:
Այս անգամ հանդիպումը Մոսկվայի Ազգային հետազոտական պետական շինարարական համալսարանում էր: Հոկտեմբերի 10-11-ը Ռուսաստանի, Չինաստանի, Բուլղարիայի, Սերբիայի, Ուզբեկստանի, Ֆրանսիայի ճարտարապետաշինարարական համալսարանների ռեկտորներն ու ներկայացուցիչներն ամփոփեցին անցնող տարվա ընթացքում կատարված աշխատանքները և քննարկեցին հաջորդ՝ 2020թ-ին ծրագրված անելիքները:
Մեր համալսարանի պատվիրակությունը, ինչպես նախորդ կոնսորցիումներին, այս տարի նույնպես հանդես եկավ առաջարկների լայն ու հեռանկարային փաթեթով: Մասնավորապես, առաջարկվեց հստակեցնել ադմինիստրատիվ կապը, ստեղծել էլեկտրոնային հավելված՝ անդամակից համալսարաններին մշտապես նորությունների կիզակետում պահելու և միմյանց հետ հաղորդակցվելու համար, ընդլայնել «Ճարտարապետություն և շինարարություն – արդի հիմնախնդիրներ» գիտաժողովի աշխարհագրությունը և, որ ամենակարևորն է, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային, Պեկինի շինարարության և ճարտարապետության և Մոսկվայի ազգային հետազոտական պետական շինարարական համալսարանների հետ մշակել եռակողմ մագիստրոսական ծրագիր և համատեղ դիպլոմ:
Առաջարկները հավանության արժանացան գործընկեր համալսարանների կողմից, և ամուր ու բարեկամական ձեռքսեղմամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց քննարկման ենթարկել և ընթացք տալ վերոնշյալ հավակնոտ առաջարկներին:
Կոնսորցիումի աշխատանքն ամփոփվեց դրոշի փոխանցմամբ: Հայտնի դարձավ, որ 2020թ-ին «Մեկ գոտի և մեկ ուղի» Ճարտարապետաշինարարական համալսարանների կոնսորցիումը և ռեկտորների ֆորումը տեղի կունենա Ֆրանսիայում: