(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵԿՆՐԿԵԼ Է T-GREEN «ՀԵՏԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ ՀԱՆՈՒՆ ԿԱՆԱՉ և ԿԱՅՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՆԱԽԱԳԻԾԸ

Մեկնարկել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս + T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (THE ERASMUS+ CBHE PROJECT “Transforming Graduate Education for Green and Sustainable Future” (T-GREEN)) նախագիծը։ Նախագիծը 3-ամյա է, որը համակարգում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ)։ Նախագծի համա-համակարգողն է՝ Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ)։

T-GREEN նախագիծը բուհերում իրականացվող հետբակալավրի կրթության անհրաժեշտ բարեփոխումներին ուղղված նախագիծ է, որի համար առանցքային է «Կանաչ» քաղաքականությունը։ Նախագծի իրականացումը բուհերին հնարավորություն կտա ավանդական կրթական ծրագրերից անցում կատարել դեպի ապագային միտված, կանաչ և միջառարկայական ուսումնական ծրագրերին՝ խթանելով ուսանողների շարժունակությունը, մշակելով համատեղ որակավորման աստիճան շնորհող կրթական ծրագրերի իրականացման կառուցակարգեր։

Նախագծի հիմնական նպատակն է ազգային և ինստիտուցիոնալ վարչական կազմի, որոշումներ կայացնողների, քաղաքականություն մշակողների, մանկավարժների, հետազոտողների և ուսանողների մոտ այնպիսի կարողությունների զարգացումը, որոնց միջոցով նշված դերակատարները կկարողանան կայուն զարգացման նպատակները և բնապահպանական խնդիրները ինտեգրել քաղաքականության և կրթական բովանդակության մեջ։

Նախագծի հայաստանյան մասնակիցներն են՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Որակի ապահովման ազգային կենտրոնը, Երևանի պետական համալսարանը, Եվրասիա միջազգային համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, «Էրազմուս ուսանողների ցանց Երևան» և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունները։

ԵՄ գործընկերներն են՝ Միջազգային հելլենիկ համալսարանը (Հունաստան), Միկոլաս Ռոմերիսի անվան համալսարանը (Լիտվա), Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանը (Պորտուգալիա) և Կրակովի Յագելոնյան համալսարանը (Լեհաստան)։

Նախագծի մեկնարկային առցանց հանդիպման ընթացքում  ներկայացվեցին նախագծի հիմնադրույթները, անդրադարձ կատարվեց առանձին գործողությունների փաթեթներին, ներկայացվեցին աշխատանքների կատարման պատասխանատուները և ժամկետները։

02.05.23