Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում իրականացավ Դիզայնի ֆակուլտետի կազմակերպած «Դիմակ 3» ուսանողական աշխատանքների ցուցահանդեսը։
Ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքները ղեկավարել էին Դիզայնի ֆակուլտետի փորձառու դասախոսները՝ Դիզայնի ամբիոնի դոցենտ Հովհաննես Հակոբյանը, Դիզայնի ամբիոնի դասախոսներ Պավել Ավետիսյանը և Սերոբ Գրիգորյանը, համանուն ամբիոնի ուսումնական վարպետ Րաֆֆի Իսպիրյանը։
Միջոցառման նպատակն էր ներկայացնել համալսարանի երիտասարդ դիզայներների ազատ ստեղծագործական մտածողությունը, նորարարական մոտեցումները և յուրահատուկ պատկերային լուծումները։ Աշխատանքներում արտացոլված էին թե՛ դասական դիզայնի ավանդույթները, և թե՛ ժամանակակից արվեստին բնորոշ ինքնատիպ փնտրտուքները։
Ցուցահանդեսը բացվեց Դիզայնի ամբիոնի վարիչ Աշոտ Բաղդասարյանի ողջույնի խոսքով, որի ընթացքում նա երախտագիտություն հայտնեց կազմակերպիչներին, ուսանող-մասնակիցներին և հյուրերին՝ նման կարևոր նախաձեռնությանը մասնակցելու և այն կենդանի դարձնելու համար։ Աշոտ Բաղդասարյանն ընդգծեց նման միջոցառումների դերը ուսանողական ստեղծագործական մտածողության խրախուսման և ոլորտի զարգացման գործում։
Ցուցահանդեսի ավարտին ներկա դասախոսներին և աշխատակիցներին բաժանվեցին քվեաթերթիկներ՝ իրենց հավանած ուսանողական աշխատանքների ընտրության համար։ Այս քվեարկությունը նպատակ ուներ ավելի խրախուսել ուսանողներին, նշելով առավել աչքի ընկնող և ստեղծագործական աշխատանքները։
«Դիմակ 3» ցուցահանդեսը դարձավ հարթակ, որտեղ երիտասարդ դիզայներները հնարավորություն ստացան բացահայտելու իրենց ներուժը, փոխանակելու նոր մտքեր և ստանալու մասնագիտական գնահատականներ։