ՃՇՀԱՀ-ը՝ Ֆրանսիայի Հանրապետության Վալանս քաղաքի Հայկական մշակութային ժառանգության կենտրոնի աջակցությամբ սկսել է Հայկական հուշարձանների պորտալի /Armenian Monument Portal/ իրականացման աշխատանքները: Նախագիծը նպատակ ունի ստեղծել ինտերակտիվ քարտեզ, որտեղ մեկ հարթակում կներկայացվեն Հայկական բարձրավանդակի բոլոր հայկական հուշարձանները՝ անհրաժեշտ գիտական և պատմական տեղեկատվությամբ։ Քարտեզը լինելու է ուսումնահետազոտական, կրթական և հանրամատչելի գործիք՝ ուղղված հայկական ճարտարապետական ժառանգության պահպանմանն ու տարածմանը։
Հայկական հուշարձանների պորտալի մշակման նպատակը հայկական ճարտարապետական ժառանգության հանրահռչակումն է, նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ ճարտարապետական հուշարձանների եռաչափ մոդելավորումը, ինչպես նաև հուշարձանների եռաչափ մոդելների հիման վրա տեսական, եռաչափ վերակազմությունների նախագծերի մշակումը: Պորտալում ստեղծվում է ճարտարապետական հուշարձանների վերաբերյալ ամփոփ տվյալների բազա՝ ըստ մշակված ձևաչափի, որը հավաստի աղբյուր կհանդիսանա հայկական ճարտարապետական ժառանգություն ուսումնասիրող ուսանողների և հետազոտողների համար, հատկապես, երբ «Թվային տեխնոլոգիաները ճարտարապետական ժառանգության ոլորտում» մագիստրոսական դասընթացի շրջանակում: Պորտալում կներառվեն նաև ուսուցողական խաղեր, ֆիլմեր Հայաստանի ճարտարապետական հուշարձանների եռաչափ մոդելների կիրառմամբ դպրոցականների, ուսանողների և բոլոր հետաքրքրվողների համար:
Ներկայումս հանրապետությունում մշակվում և կիրառվում են համակարգչային տարբեր ծրագրեր, որոնց նպատակն է հիմնականում զբոսաշրջիկներին ծանոթացնել Հայաստանի մշակութային ժառանգությանը: Հայկական հուշարձանների պորտալը գործող նմանատիպ ծրագրերից ունենալու է մի շարք առավելություններ. մասնավորապես. մշակված եռաչափ մոդելները լինելու են առավելագույն ճշգրտության, ներկայացվելու են նաև տեսական վերակազմության եռաչափ մոդելները, գիտական բաժնում բեռնված տեղեկատվությունը՝ զուտ գիտական պարբերականներից, մենագրություններից և այլ գիտականորեն հավաստի մասնագիտական աղբյուրներից, իսկ աշխատանքներն իրականացվելու են նաև ուսանողների մասնակցությամբ:
Պորտալի կառուցվածքը և համառոտ բովանդակությունը: Ներկայումս ստեղծվում է հայալեզու քարտեզ, որն իրենից ներկայացնում է համակարգչային տեղեկատվական ծրագիր, ուր մուտք գործելիս կարելի է տեսնել վիրտուալ քարտեզի հետ տեղակապված բազում ակտիվ կետեր, որոնք ցույց են տալիս հայկական հուշարձանների տեղադիրքը: Ցանկացած կետի վրա սեղմելիս կբացվի պատուհան, ուր կգտնեք տվյալ հուշարձանի վերաբերյալ տեղադիրքի նկարագրություն, պատմական ակնարկ, լուսանկարներ, չափագրություններ, եռաչափ մոդել, որի մեջ կարելի է «զբոսնել» և ծանոթանալ հուշարձանի ճարտարապետությանը, վիմագրերին, զարդանաշխերին, գրականության ցանկին, տեսնել եռաչափ պատկերներ:
Հանրամատչելի տեղեկատվությունը բաց կլինի բոլոր օգտատերերի՝ հատկապես զբոսաշրջային ոլորտի համար: Պորտալը, բացի հանարմատչելի հատվածից, ունենալու է նաև գիտական տեղեկատվություն հետազոտողների համար: Ի տարբերություն նախորդի, այս էջից ստացված տեղեկատվությունն ունի զուտ գիտական բնույթ: Տեղադրված գրաֆիկական նյութերն ու տեղեկույթը կիրառելի է գիտական հետազոտությունների նաև ուսանողական աշխատանքներում կիրառելու համար: Նախատեսվում է էջի պարբերական թարմացում նոր գիտական հոդվածներով, վերակազմությունների նախագծերով:
Պորտալում ամփոփվելու է նաև Ուսանողական աշխատանքների արխիվը, որտեղ կհավաքագրվեն բոլոր տարիների ընթացքում ճարտարապետական հուշարձանների վերակազմություններն ու դրանց առնչվող այլ աշխատանքներ՝ ելակետային, փաստագրական, լուսանկարչական նյութեր: Պորտալի գիտական խորհրդի երաշխավորմամբ որոշ ուսանողական աշխատանքներ կարող են բեռնվել նաև գիտական տեղեկատվության բաժնում՝ պահպանելով ուսանողի և իր ղեկավարի հեղինակային իրավունքը:
Ուսուցողական խաղերի և ֆիլմերի բաժինը ներկայացնում է ուսուցողական եռաչափ խաղեր, զբաղմունք և մտքի վարժանք: Հիմնվելով արդեն մշակված եռաչափ մոդելների վրա՝ օգտվողները կարող են ոչ միայն առանձին ճարտարապետական և շինարարական տարրերից հավաքել առաջադրված հուշարձանը, այլև կառույցի որևէ հիմնական հատվածի ամբողջացումից հետո ստանալ ստուգաբանական, բացատրական տեղեկույթ: Օրինակ՝ ինչ է եկեղեցու գմբեթը, թմբուկը կամ վեղարը: Ներբեռնված ֆիլմերը և անիմացիաները կմեկնաբանեն հայկական և համաշխարհային ճարտարապետության պատմությունը, տեսական հիմքերը, զուգահեռներն ու ազդեցությունները:
Հայկական հուշարձանների պորտալի մշակումը հատկապես ՃՇՀԱՀ-ում ունի մի շարք առավելություններ. ճարտարապետական հուշարձանների վերականգնող ճարտարապետների մեծ մասը ներկայումս ընդգրկված են ՃՇՀԱՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմում, հայկական ճարտարապետության տեսաբանները նույնպես հիմնականում մեր համալսարանի դասախոսներ են, ՃՇՀԱՀ-ը միակ բուհն է, ուր պատրաստվում են ճարտարապետական ժառանգությունն ուսումնասիրող, վերականգնող ճարտարապետներ և գործում է «Ճարտարապետական ժառանգության վերականգնում» մագիստրոսական կրթական ծրագիրը, համալսարանում առկա են լաբորատորիաներ, որոնց նյութական բազայի հիման վրա կզարգանա ծրագիրը:
Նման եռաչափ քարտեզի գաղափարը համալսարանում մշակվել էր շատ տարիներ առաջ, սակայն այն ներկայումս իրականություն է դառնում Վալանսի հայկական մշակութային ժառանգության կենտրոնի աջակցությամբ, որն իր նախաձեռնությամբ ծանրակշիռ ներդրում կունենա հայկական հուշարձանների փաստագրման և հանրահռչակման գործում: