ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Կարենի համար զոհված եղբոր մասին խոսելը որքան էլ դժվար, բայց և ոգևորիչ ու ժպտաբեր է: Երկար լռում է, խոսքեր չի գտնում նրան բնութագրելու համար, նրա լայն, բոլորի համար տեղ գտնված սիրտն ու մեծահոգությունը նկարագրելու համար:
Մեր համալսարանի Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի ուսանող և ապագա տնտեսագետ Վիգեն Գևորգյանը մեկ տարվա զինծառայող էր, երբ պայթեց արյունոտ պատերազմը: Եղբայրը պատմում է, որ այդ օրը նա Արցախում չէր, Երևանի հոսպիտալում էր. ՙԶանգեց ինձ ու անհանգստացած ասաց, որ հետ է գնում Արցախ, պատերազմ է ու ընկերներին էլ օգնություն է պետք…՚:
Եվ շտապեց ռազմաճակատ հենց նույն օրը, ինչպես շտապել էր ժամկետային զինծառայության՝ 18 տարին լրանալուն պես՝ անտեսելով իրեն մշտապես ուղեկցող ոտքի խնդիրը: Վիգենի դրական ու մարդկային հատկանիշներն այնքան շատ էին, այնքան վեհ ու ազնիվ, որ եղբայրը խոստովանում է՝ նրա պես մեծ սիրտ ես ինքս էլ կուզեի ունենալ: Հայր, մայր, տատիկ ու պապիկ թե պատահական անցորդ՝ կարևոր չէ, Վիգենը շտապում էր օգնության, եթե դրա կարիքը կար:
Լավատեսությունը, մեծ հավատն ու ընկերասիրությունը չէին լքել նրան նույնիսկ պատերազմի կրակների մեջ: ՙԵրբ հեռախոսով խոսում էինք, ասում էր ամեն ինչ լավ է, շատ փորձանքներից եմ փրկվել ու դեռ ողջ եմ, ուրեմն ողջ կմնան՚: Բայց, պատերազմն անողոք է, կույր ու խուլ՝ մարդկային ցավի, երազանքների ու կյանքի նկատմամբ:
Վիգենի կյանքը հատվեց հենց այդ կործանարար պատերազմի հետ: Նա ընկավ, զոհվեց քաջի պես ու դարձավ պանծալի հերոս: Խոնարհվում ենք քո հայրենասիրության, քո ազնիվ պայքարի ու սխրանքի առջև, հավե՜րժ փառք քեզ, անմահ հերոս: