(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵԾԱՐՄԱՆ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՃՇՀԱՀ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Որտե՞ղ է ծնվում հայրենասիրությունը. դեռևս օրորոցում՝ սոխակի երգի ներքո՞, զինվորական հոր կամ պապի գրկո՞ւմ, դպրոցական տետրերում ու գրքերո՞ւմ: Հարցին յուրաքանչյուր մեծ ու փոքր հայ կպատասխանի միանշանակ՝ այն ծնվում է մեր ծննդյան հետ՝ գույն տալով մեր արյանը, հավատով ու հպարտությամբ լեցուն դարձնելով մեր հայացքը և զորացնելով բռունցքը:

Հիմա նրանց զենքը դեռևս գրիչն է, բայց լավ գիտեն զենք բռնող քաջերի արժեքը, գիտեն նրանց փառաբանել, գնահատել ու գլուխ խոնարհել նրանց վեհանձն սխրանքների առջև:  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցում մեծարման ու խոնարհումի օր էր: Ինչպես էին պատրաստվել այս կարևորագույն օրվան և ինչ ապրումներ ունեին բեմում, խոսքերով փոխանցելն անհնար է: Նրանց շուրթերով խոսում էր մի ամբողջ ժողովուրդ, ազգի մի ամբողջ պատմություն և երգերի բառերով պատմվում յուրաքանչյուր զինվորի ցավի, բայց և հաղթության ու պատմական Հայրենիքը վերագտնելու անսասան հույսի մասին:

Աշակերտները ջանք չէին խնայում, որպեսզի արցունքների միջից կարողանային տեղ հասցնել իրենց սրտի խոսքն ու շնորհակալությունը՝ պատերազմում զոհված յուրաքանչյուր հերոսի հանդեպ: Խոնարհումի միջոցառումը համեմված էր հայրենասիրական ու ազգագրական երգերով, դաշնամուրի, ջութակի ու դուդուկի անզուգական հնչյուններով և դեպի հերոսական անկյունը ձգվող լուռ մոմավառությամբ:

25.12.20