(010) 303-300

ՄԵԴԱԼՈՎ ՈՒ ԽՐԱԽՈՒՍԱՆՔՈՎ ՆՇԵՑԻՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՕՐԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում այսօր երախտիքի, շնորհավորանքների ու պարգևատրումների օր էր: Ուսուցչի օրվա և Ճարտարապետների մասնագիտական տոնի շրջանակում՝ մեր համալսարանի Ճարտարապետական նախագծման արվեստանոցը մեկ հարկի տակ էր համախմբել ռեկտոր Գագիկ Գալստյանին, ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին, Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանին, պրոռեկտորներին, դասախոսներին և ուսանողներին:

Ռեկտոր Գալստյանը և Մկրտիչ Մինասյանը տոնի առթիվ շնորհավորեցին միմյանց, ուսանողներին, հիշեցին անվանի ճարտարապետներին, իսկ ապագա ճարտարապետ-ուսանողներին մաղթեցին ստեղծագործական մեծ ճանապարհ: ՀՀ Ճարտարապետների միության նախագահն առանձնահատուկ ուշադրությամբ նկատեց ուսանողների համար մեր համալսարանի ընձեռած լայն հնարավորությունները՝ եզակի կահավորանքով լսարաններն ու արվեստանոցները, դասախոսական կազմը, որոնք լավ մասնագետ դառնալու և արժանապատիվ ապագայի առաջին գրավականն են:

Տոնի շրջանակներում՝ Ճարտարապետական կրթության և նախագծման բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար՝ ՀՀ Ճարտարապետների միության նախագահ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՙՃարտարապետական նախագծում և ճարտարապետական միջավայրի դիզայն՚ ամբիոնի պրոֆեսոր Մկրտիչ Մինասյանը պարգևատրվեց ՃՇՀԱՀ-ի ՙՋիմ Թորոսյան՚ ոսկե մեդալով:

Պարգևներից անմասն չմնացին նաև դասախոսներն ու ուսանողները: Ճարտարապետության ֆակուլտետի 5 դասախոս՝ Ռեկտոր Գագիկ Գալստյանի կողմից ստացան շնոհակալագրեր երկարամյա մասնագիտական ու մանկավարժական գործունեության համար, իսկ 10-ն ուսանողների դեկան Սարգիս Թովմասյանը հանձնեց պատվոգրեր՝ գերազանց առաջադիմության և օրինակելի վարքի համար:

05.10.17