ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում իրականացվում են մասնագիտական կողմնորոշման նպատակով աշակերտների այցելությունները համալսարան և աշխատակիցների այցերը ՀՀ մարզերի և Երևանի տարբեր դպրոցներ: Այցերը նպատակ ունեն աշակերտներին ծանոթացնելու համալսարանի գործունեությանը, ֆակուլտետներին, լսարաններին, լաբորատորիաներին և արվեստանոցներին, ինչպես նաև մասնագիտություններին և ընդունելության կարգին: Այս նպատակով ՃՇՀԱՀ աշխատակիցներն այս տարի այցելել են շուրջ 30 ուսումնական հաստատություններ, իսկ 10 դպրոցների աշակերտներ այցելել են համալսարան:
Շրջայցերն իրականացնում են Ընդունելության և կարիերայի բաժնի աշխատակիցները, իսկ աշակերտներին դիմավորում են համալսարանի տարբեր ֆակուլտետների դեկաններն ու համապատասխան ամբիոնների մասնագետները:
Շրջայցերից հետո անցկացվում են մասնագիտությունների վերաբերյալ սեմինարներ, որոնց ընթացքում աշխատակիցները տեղեկացնում են դիմորդներին, որ համալսարանում բացի մասնագիտական գիտելիքներ ստանալուց ուսանողները հնարավորություն ունեն խորապես ուսումնասիրել օտար լեզուներ, իսկ ուսումնական պլանից դուրս կարող են մասնակցել նաև մասնագիտական տարատեսակ ծրագրերի ուսուցմանը: Այնպես որ մրցունակ և պահանջված մասնագետ դառնալու բոլոր պայմանները ստեղծված են:
Հանդիպումների վերջում աշակերտները համալսարանի կողմից ստանում են բուհը խորհրդանշող նվերների փաթեթ: