Մասնագիտության ընտրությունը, նորավարտ երիտասարդի համար, թերևս, ամենադժվար ու պատասխանատու գործն է, իսկ նրան մասնագիտական առողջ, բայց ոչ պարտադրող խորհրդատվությունը` արդեն կայացած մասնագետների և ավագ ընկերների պարտականությունը:
Այս գիտակցումով` Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ընդունելության բաժինը, Կարիերայի կենտրոնը և Ուսանողական խորհուրդը, արդեն ավանդաբար, շարունակում են մասնագիտական կողմնորոշմանն ուղղված այցերը երևանյան ավագ դպրոցներ ու միջին մասնագիտական կրթության քոլեջներ:
Դեկտեմբերի 16-ից Ընդունելության բաժնի, Կարիերայի կենտրոնի և Ուսանողական խորհրդի աշխատակիցները վերսկսել են իրենց աշխատանքները: Նրանք ճանաչողական այցերով հյուրընկալվել են Երևանի մի շարք ավագ դպրոցներում, դպրոցականներին ծանոթացրել մեր համալսարանում առկա մասնագիտություններին, քննական ընթացակարգին, համալսարանում գործող զեղչային համակարգին ու բոլոր այն առավելություններին, որոնք Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը դարձնում են եզակի, գրավիչ ու հեռանկարային:
Աշխատանքային բուռն տարին մեկնարկած է: Շարունակական բնույթ կրող մասնագիտական կողմնորոշմանն ուղղված այցերը շարունակվում են: Հիշեցնենք, որ մեր համալսարանի աշխատակիցների, ուսանողների և դասախոսների կողմից իրականացվող ճանաչողական այցերը չեն սահմանափակվում միայն մայրաքաղաքով: Նրանք ողջ ուսումնական տարվա ընթացքում այցելում են նաև մարզային ավագ դպրոցներ ու միջին մասնագիտական կրթության քոլեջներ: