Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ Գեոդեզիայի միջազգային օրվան նվիրված մասնագիտական աշխատաժողով, որը համախմբել էր ոլորտի մասնագետներին, դասախոսներին և ուսանողներին՝ քննարկելու ժամանակակից գեոդեզիայի զարգացման միտումները և մարտահրավերները։
Աշխատաժողովի մեկնարկին ներկաներին ողջունեց համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը։ Նա կարևորեց նման մասնագիտական հանդիպումների դերը կրթության և պետական համակարգի փոխգործակցության ամրապնդման գործում՝ նշելով. «Կարևորելով գեոդեզիայի դերը երկրի տնտեսության զարգացման գործում, ես ուրախությամբ ցանկանում եմ շնորհավորել գեոդեզիստներին իրենց մասնագիտական տոնի առթիվ և մաղթել նորանոր ձեռքբերումներ։ Կրթական ծրագրերի զարգացման և արդիականացման նպատակով Կադաստրի կոմիտեի հետ իրականացնում ենք համատեղ աշխատանքներ, ինչը կիրառական տեսակետից նոր շունչ է հաղորդում կրթությանը, ինչպես նաև հետազոտական և գիտական աշխատանքներին։ Այս աշխատաժողովը լավ հարթակ է ոլորտի գիտական միտքը մեկտեղելու, մասնագիտական հարցերի լայն քննարկման և պետական ծրագրերի ներկայացման համար»։
Աշխատաժողովի շրջանակում հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։ Հանդիպմանը ներկա էին նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ և ինժեներական գեոդեզիայի ամբիոնի ուսանողները։
Իր զեկույցում պարոն Թովմասյանը նշեց, որ գեոդեզիան այսօր դուրս է եկել իր դասական սահմաններից և այլևս չի սահմանափակվում միայն չափումներով ու քարտեզագրմամբ։ Նրա խոսքով՝ այն վերածվում է պետական կառավարման հիմնարար հենասյան՝ ձևավորելով տարածքային քաղաքականության, ենթակառուցվածքային պլանավորման և ռազմավարական որոշումների կայացման տվյալահեն հիմքը։
Զեկույցում կարևորվեց նաև միջազգային միտումներին համահունչ քայլերի իրականացումը՝ անցում կատարելով տարածական տվյալների ենթակառուցվածքներից դեպի ինտեգրված տարածական էկոհամակարգեր, որտեղ տվյալը դիտարկվում է որպես հանրային արժեք և արդյունավետ կառավարման գործիք։
Առանձին անդրադարձ կատարվեց նաև արհեստական բանականության կիրառման հեռանկարներին գեոդեզիական ոլորտում։ Նշվեց, որ AI տեխնոլոգիաների արդյունավետ կիրառումը հնարավոր է միայն բարձրորակ և ստանդարտացված տվյալների, միասնական դասակարգիչների և հստակ մետատվյալների առկայության դեպքում։
Ներկայացվեցին նաև Կադաստրի կոմիտեի կողմից իրականացվող թվայնացման գործընթացները, որոնք միտված են միասնական տվյալային միջավայրի ձևավորմանը, տվյալների փոխգործունակության ապահովմանը և ծառայությունների հասանելիության բարձրացմանը։ Հատուկ ընդգծվեց տարածական տվյալների ինտեգրումը պետական այլ համակարգերի հետ, ինչը հնարավորություն է տալիս ապահովել ապացույցահեն որոշումների կայացում և բարձրացնել միջգերատեսչական համագործակցության արդյունավետությունը։
Աշխատաժողովի շրջանակում անցկացվեց նաև կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց մասնագիտական դիտարկումները, առաջարկությունները և ուղղելու հարցեր Սուրեն Թովմասյանին՝ ձևավորելով արդյունավետ մասնագիտական երկխոսություն։