(010) 303-300

Ձայների մեծամասնությամբ Եղիազար Վարդանյանը ընտրվեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում հոգաբարձուների խորհրդի նիստում քվեարկությամբ այսօր ձայների մեծամասնությամբ՝ 27 կողմ, 3 ձեռնպահ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել համալսարանի ռեկտորի առաջին տեղակալ-պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Եղիազար Վարդանյանը։ Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում  Եղիազար Վարդանյանի թեկնածությունը առաջադրվել է գիտխորհրդի առաջարկով։

ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Եղիազար Վարդանյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ընդգծել. «Ինչպես բուհի այնպես էլ իմ մասնագիտական հմտությունների զարգացման և առաջընթացի խթանիչ ուժը եղել և մնում է մեր համալսարանի կոլեկտիվի համախմբվածությունը»: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանի մեծ ներդրումը բուհի զարգացման գործում, որն արձանագրվել է Գագիկ Գալստյանին 5 տարի 8 ամիս արդյունավետ պաշտոնավարման  ժամանակահատվածում և հույս հայտնել, որ նա կշարունակի բուհի կողքին լինել: Իր հերթին համալսարանում նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանը շնորհավորել է Եղիազար Վարդանյանին և նշել, որ իր գերնպատակը եղել և մնում է բուհի կայունությունն ու զարգացումը։ «Համալսարանի փոքր և մեծ ծրագրերը իրականություն են դարձել պրոֆեսորադասախոսական կազմի հետ արդյունավետ աշխատանքի արդյունքում»,-եզրափակել է նա՝ համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով ՃՇՀԱՀ-ի ամբող աշխատակազմից։ 

ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Եղիազար Վարդանյանը 1996-2001թ սովորել և ավարտել է ՃՇՀԱՀ-ի տրանսպորտային շինարարության ֆակուլտետը, 2004-ին ավարտել է համալսարանի ասպիրանտուրան։ 2003-2004-ը սովորել  և ավարտել է Փարիզի ճանապարհների և կամուրջների ազգային դպրոցը։ 2004-ին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան։ 2008-2011-ը ավարտել է ՃՇՀԱՀ-ի դոկտորատուրան, 2013-ին` տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճան։ Մասնագիտական գործունեությունը սկսել է հարազատ բուհում՝ սկսելով որպես ասպիրանտ ու հասնելով մինչև համալսարանի ռեկտորի առաջին տեղակալ-պրոռեկտորի պաշտոնին։

ՃՇՀԱՀ-ի գիտական խորհրդի որոշմամբ, ՀՀ-ում քաղաքաշինության, շինարվեստի և կրթության ոլորտներում դրսևորած նշանակալի ու անբասիր աշխատանքի համար ՀՀ վաստակավոր շինարար, տ.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Գալստյանը պարգևատրվել է «Ջիմ Թորոսյան» ոսկե մեդալով:

02.12.19