(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԱՀՎԱՆԸ ՀԱՂԹԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԸ

Ծնունդով Ստեփանակերտից Յուրի Հայրապետյանն օրեր առաջ է դուրս գրվել հիվանդանոցից և պարգևատրվել «Արիության համար» մեդալով: Մեր համալսարանի Շինարարության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Յուրին վիրավորում էր ստացել թևի և գլխի հատվածներում: Սեպտեմբերի 27-ին բռնկված պատերազմը նրա համար առաջինը չէր, մասնակից է եղել նաև Ապրիլյան քառօրյա պատերազմին: Հիմա, երբ ամեն ինչ թվացյալ անցյալում է, մտածում է ամուսնանալ, սակայն, սպասում է իրական խաղաղությանը: Հավատը չի կորցրել, սակայն հիասթափված է ստահոդ լուրերից. «Մենք դիրքում կանգնած լուրեր էինք ստանում թիկունքից, թե համացանցով կարդացել են՝ իբրև այդ դիրքը թշնամին գրավել է», — ասում է Յուրին և խոստովանում. «Հոսպիտալում պառկած մտածելու երկար ժամանակ ունեի, մարտի դաշտում մեծ էր հավանականությունս զոհվելու, անընդհատ մահը կողքովս էր անցնում, բայց դրա մասին այդ պահին չէի մտածում, որովհետև տունս էի պաշտպանում, բայց…». այդ բայցը այն ամենացավոտ կողմն է որը նշում է մեր հերոսը.            

Պատմում է ու հիշում Մոնթեի խոսքերը, որ հերոսներին կենացներով չեն հիշում միայն, գործել ու նախորդների գործը շարունակել է պետք: Ասում է՝ միգուցե խաղաղ ժամանակ երկիրը մեզ չի հիշում, բայց պատերազմի ժամանակ երկրի մասին հոգալը, այնուամենայնիվ, բոլորիս պարտքն է:

Լինելով ծնունդով Արցախցի՝ իր Հայրենիքն է համարում թե’ Արցախի, թե’ Հայաստանի յուրաքանչյուր անկյունը և հավատացնում, որ թշնամու կրակի դիմաց այդպես էին մտածում քաջ հայորդիներից շատերը. «Հայաստանից եկած շատ տղերք անվախ ու քաջ ոգով էին կռվում, որովհետև գիտակցում էին, որ Արցախը բոլորիս տունն է»: Իր տեսած երկու պատերազմների միջև տարբերություն չի գտնում, հիմա միայն ծավալներն էին մեծ: Վստահ է, որ մի օր նորից զենք է վերցնելու և շարունակելու իր և մյուսների հայրերի ու պապերի կիսատ գործը…

«Այո, մենք պարվեցինք ճակատամարտը, բայց ոչ՝ պատերազմը»,- վստահ է 2-րդ կուրսի ուսանող Սասուն Մկրտչյանը, ով պատերազմի օրերին եղել է Նախիջևանի սահմանին, իսկ մինչ այդ կամավորների ջոկատների հետ սնունդ և հագուստ է տեղափոխել Արցախ: Ասում է՝ միայն գիժ մարդը կարող է չվախենալ պատերազմից, չվախենալ սիրելի մարդկանց կորցնելուց, բայց Հայրենիքը կորցնելու վախն էլ, ազգասիրությունն ու եղբայրասիրությունն էլ զորավոր են և ստիպում են մոռանալ մնացյալ մյուս վախերը:                                                                                                                      

«Երբ վախը հաղթահարված է, մտածում ես միայն հաղթանակի մասին, և այդ հաղթանակը տեսնում յուրաքանչյուր դրվագում, ու հետո ցավում ես, որ  կյանքի գնով ձեռք բերվածը դառնում է թշնամունը», — այս մտքերն էլ հանգիստ չեն տալիս մեր համալսարանի մյուս հերոսին՝ 3-րդ կուրսեցի Վիգեն Զոհրաբյանին: Ասում է, որ մեզ պակասում էր ոչ այնքան մարդկային ուժի և զինտեխնիկայի պակասը, այլ՝ անկազմակերպվածությունը: Բայց Վիգենն էլ հուսահատվողներից չէ:

«Կամբողջացնե՞նք մի օր մեր կիսատ Հայրենիքը» հարցի շուրջ տղաները երկար են մտածում… Պերճախոս ու հավատով լի է նրանցից Յուրիի պատասխանը. «հույս ունեմ… Մի օր հաստատ էլի Նժդեհ կամ Հայկ Նահապետ կծնվի»:

 

 

 

24.12.20