Ուրախ ենք տեղեկացնել, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Journal of Architectural and Engineering Research (JAER) պարբերականը 2025 թվականի դեկտեմբերի 16-ին պաշտոնապես ընդգրկվել է հեղինակավոր Scopus գիտատեղեկատվական շտեմարանում: Scopus-ը համարվում է միջազգային գիտական տեղեկատվության ամենավստահելի և լայնորեն ընդունված շտեմարանը, որը ընդգրկում է հազարավոր գիտական հրատարակություններ և հնարավորություն է տալիս գնահատել պարբերականի գիտական ազդեցությունն ու հեղինակությունը միջազգային հարթակներում:
Այս կարևոր ձեռքբերումը հնարավոր է դարձել JAER պարբերականի խմբագրակազմի նվիրված աշխատանքի, հեղինակների հետևողականության և գրախոսների պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ: Ռեկտոր Մանուկ Բարսեղյանը, ով 2021թ.-ից հանդիսանում է պարբերականի հիմնադիր գլխավոր խմբագիրը, բարձր գնահատեց խմբագրակազմի ներդրումը և ընդգծեց՝ նման նվաճումները կարևոր են համալսարանի միջազգային գիտական ճանաչման համար:
Ռեկտորը նաև շնորհավորեց համալսարանի ամբողջ գիտակրթական և ուսանողական համայնքին՝ նշելով, որ այս ձեռքբերումը ազդում է վարկանիշի բարձրացման վրա և խթանում գիտական և ակադեմիական գործունեության շարունակական զարգացումը: «Scopus-ում ինտեգրումը ոչ միայն վկայում է մեր գիտական բարձր ստանդարտների մասին, այլև պարտավորեցնում է պահպանել առաջընթացի կայունությունը և ապահովել հետագա զարգացման ուղիներ», – ընդգծեց ՃՇՀԱՀ ռեկտորը:
Անդրադառնալով հետագա գործունեությանը ռեկտորը նշեց, որ JAER պարբերականի միջազգային ճանաչումը նոր հնարավորություններ կստեղծի հետազոտողների, դասախոսների և ուսանողների համար, ինչպես նաև կխթանի համալսարանի գիտական գործունեության ընդլայնումը: Համաձայնելով գիտական հանրության միջազգային չափանիշների, պարբերականի խմբագրակազմը պատրաստակամ է շարունակելու աշխատանքը բարձրորակ հրատարակությունների ապահովելու ուղղությամբ: