(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐ ԵՂԻԱԶԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ համալսարանականներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:

Շնորհավորելով բոլոր ուսանողներին առաջին հերթին ցանկանում եմ ողջունել առաջինկուրսեցիներին: Ուսումնական տարվա սկիզբն ավետող այս օրն առավել հիշարժան է հենց առաջինկուրսեցիների համար, քանի որ նրանք այսօր առաջին անգամ ոտք են դնելու մեր համալսարան, որպես ուսանողներ: Իմ անունից, մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անունից վստահեցնում եմ, որ դուք ստանալու եք որակյալ, հիմնավոր, ժամանակակից պահանջներին համապատասխան կրթություն: Ունենալու եք լավ ուսանողական կյանք, հնարավորություն եք ունենալու մասնակցելու միջազգային բազմաթիվ փոխանակումների ծրագրերի: Այս համատեքստում առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել մեր պրոֆեսորադասախոսական և ուսուցչական անձնակազմին: Ձեր շնորհիվ է, որ մենք ունենք կրթված, զարգացած և ստեղծագործ սերունդ, ինչը ևս մեկ առիթ է հպարտանալու նրանց հաջողություններով և ձեռքբերումներով: 

Հայաստանի Հանրապետությունը, իր առաջ կանգնած լրջագույն մարտահրավերներին ի պատասխան, այսօր աշխարհին պետք է ներկայանա իր կրթված երիտասարդներով, ովքեր ՝ ապավինելով գիտելիքի ուժին պատրաստ են ամրացնելու ու շենացնելու իրենց հայրենիքը, դառնալու խաղաղության, համերաշխության և միասնական աշխատանքի դեսպաններ մեր երկրում և համայն աշխարհում։

Համալսարանը տվել է բազում շրջանավարտներ, ովքեր այսօր դարձել են անվանի մասնագետներ իրենց ոլորտներում,  այդպիսով բարձր պահելով թե՛ իրենց, թե՛ համալսարանի անունը: Սիրելի՛ ուսանողներ, գիտելիքը ձեր ապագան է, ճանապարհը դեպի մեծ կյանք։ Այն ձեզ հնարավորություն կտա գտնել ձեր տեղը ժամանակակից աշխարհում, դառնալ մեր երկրի արժանավոր քաղաքացիներ և հայրենասերներ։ Բուհի ղեկավար կազմը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, բոլոր ստորաբաժանումները պատրաստ են իրենց բարդ ու նվիրյալ աշխատանքով ապահովելու ձեզ որակյալ կրթությամբ: Վստահեցնում եմ, որ համալսարանում ստացած մասնագիտական գիտելիքները ձեզ կօգնեն պատվով անցնել համալսարանական կյանքի կարևոր ուղին:

Գիտելիքի օրվա առթիվ ցանկանում եմ շնորհավորել նաև ավագ դպրոցի և միջին մասնագիտական քոլեջի աշակերտներին և ուսանողներին: Ժամանակակից աշխարհում օր օրի փոխվող համաշխարհային մարտահրավերներին կարող ենք դիմագրավել միայն արդիական գիտելիքներով: Կրթությունն ամենահզոր զենքն է, որը կարող եք օգտագործել աշխարհը փոխելու համար:

Շնորհավոր գիտելիքի և դպրության օրը:

01.09.23