(010) 303-300

ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐ ԵՂԻԱԶԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

Սիրելի՛ համալսարանականներ, ուսուցիչներ, աշակերտներ, գործընկերներ շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ։

Մաղթում եմ, որ 2022 թվականը լինի առողջության, խաղաղության ամրապնդման, հաղթանակների, նվիրական ցանկությունների իրագործման, ազգային ձեռնարկումների և առաջընթացի տարի։

Տարեվերջին ամփոփելով իրագործված ծրագրերը և հետադարձ հայացք նետելով անցնող տարուն՝ մեր գործունեությանը կարող ենք դրական գնահատական տալ, քանի որ հետպատերազմյան դժվարին իրավիճակում, համավարակի առաջ բերած խնդիրների բովում մեզ հաջողվեց հաղթահարել բազում մարտահրավերներ, ցավոք ունեցանք նաև կորուստներ, վայրէջքներ, բայց քիչ չէին նաև վերելքները, որոնց շնորհիվ կրկնապատկեցինք մեր փորձը, ուժը, ամրապնդեցինք հավատը՝ մոտեցնելով մեզ համընդհանուր նպատակին՝ ինժեներական կրթության համար ապահովել լավագույն պայմաններն ու հնարավորությունները: Անցնող տարին առանցքային էր մեր համալսարանի և բոլորիս կյանքում. ճարտարապետաշինարարական դարբնոցը թևակոխեց 100-ամյակ: Հոբելյանական գլխավոր միջոցառումը, համավարակով պայմանավորված, հետաձգեցինք հաջորդ տարի: Վստահեցնում եմ, որ մեր սիրելի համասարանի դարամյա տարեդարձը անպայմանորեն ըստ արժանվույն կնշենք գալիք տարում:

Մենք լավագույնս գիտակցում ենք մեր  կարևոր առաքելությունը՝ կրթել, դաստիարակել ու պատրաստել ապագա ինժեներներ, որոնք կամրացնեն ու կշենացեն մեր հայրենիքը՝ պահպանելով հոգևոր, բարոյական ու մտավոր արժեքները: Համատեղ աշխատանքի ու իրագործված բազմաթիվ ծրագրերի շնորհիվ ՃՇՀԱՀ-ն այսօր իր վստահելի ու հաստատուն տեղն ունի ոչ միայն հայաստանյան, այլև կրթություն ապահովող արտերկրի լավագույն բուհերի շարքում։ Պահպանելով բուհի մեկդարյա ավանդույթները՝ պետք է պատասխանատու լինենք բոլոր այն նորարարությունների ու ծրագրերի ներդրման համար, որոնք ժամանակի հրամայականն են։ Վստահ եմ՝ ամուր կամքի, համատեղ աշխատանքի ու նպատակասլացության շնորհիվ մեր բոլոր ծրագրերը կդառնան իրականություն, և արդյունքները կգերազանցեն մեր սպասելիքները։

Առանձնահատուկ ջերմությամբ ուզում եմ շնորհավորել հայրենիքի պաշտպաններին՝ տոնական օրերին սահմանին իրենց պարտքը կատարող մեր բոլոր ուսանողներին և առհասարակ բոլոր զինվորներին՝ նրանց անփորձանք ու խաղաղ ծառայություն մաղթելով:

Թող գալիք տարում իրագործվեն բոլոր նվիրական նպատակները, կատարած աշխատանքը լինի արդյունավետ և նպաստի որակյալ կրթության և գիտության ապահովմանը, մասնագիտական ոլորտների զարգացմանը։ Թող մեր երկրում միշտ թևածի խաղաղության ու ստեղծարարության շունչը…:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ։

ՃՇՀԱՀ ռեկտոր  Ե. Վարդանյան

01.01.22