(010) 303-300

ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ համալսարանականներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։ Գիտելիքն անգնահատելի արժեք է, իսկ կրթությունն ու գիտությունը այն հիմնական հենասյուներն են, որոնցով կարող ենք հաղթահարել կյանքի ամենամեծ մարտահրավերներն ու կառուցել մեր երկրի արժանապատիվ ապագան։

Այսօր նոր ուսումնական տարվա մեկնարկն է։ Սրտանց շնորհավորում եմ մեր բոլոր ուսանողներին, իսկ առանձնահատուկ՝ առաջինկուրսեցիներին, որոնք առաջին անգամ ոտք են դնում համալսարան՝ որպես ուսանողներ։ Սա ձեր կյանքի կարևոր էջերից մեկն է․ ձեր առջև բացվում է գիտելիքի, ստեղծագործ մտքի և մասնագիտական զարգացման ճանապարհը։ Վստահեցնում եմ, որ ՃՇՀԱՀ-ում դուք կստանաք որակյալ, հիմնավոր և ժամանակակից պահանջներին համապատասխան կրթություն։

Այս տոնը նաև մեր պրոֆեսորադասախոսական և ուսուցչական ողջ անձնակազմինն է։ Սիրելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ և խորին գնահատանք հայտնում ձեր նվիրումի ու ստեղծագործ աշխատանքի համար։ Ձեր շնորհիվ է, որ մենք ունենք կրթված, զարգացած և հայրենասեր սերունդ։

Այսօր ուզում եմ շնորհավորել նաև ՃՇՀԱՀ ավագ դպրոցի և միջին մասնագիտական քոլեջի աշակերտներին ու ուսանողներին։ Սիրելիներս, գիտելիքը ձեր ապագան է։ Այն ձեր ուղին է դեպի մեծ կյանք, դեպի մասնագիտական ու մարդկային ինքնադրսևորում։ Համալսարանի ղեկավար կազմը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը և բոլոր ստորաբաժանումները պատրաստ են ամենօրյա նվիրվածությամբ ապահովելու ձեզ որակյալ կրթությամբ և աջակցելու ձեր հաջողություններին։

Թող այս ուսումնական տարին լինի գիտելիքի, ստեղծագործ մտքի և նոր ձեռքբերումների տարի։

Բարի երթ և բարի գալուստ ՃՇՀԱՀ մեծ ընտանիք։

01.09.25