Այս տարի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) առաջին անգամ իր մասնակցությունն ունեցավ «Տարվա լավագույն ուսանող» մրցանակաբաշխությանը, որը կազմակերպել էր Ռոսսոտրուդնիչեստվո կազմակերպությունը՝ Հայաստանում Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի և Հայաստանում ռուսական բուհերի ասոցիացիայի հետ համատեղ։
Մրցանակաբաշխությանը մասնակցում էին Հայաստանի տարբեր բուհերի ուսման մեջ բարձր առաջադիմություն ցուցաբերած 17 ուսանողներ, որոնց շարքում էր նաև ՃՇՀԱՀ Ճարտարապետության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Աննա Հովակիմյանը։
Միջոցառման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանի և Ռոսսոտրուդնիչեստվո կազմակերպության ղեկավարի ողջույնի խոսքերը, որից հետո տեղի ունեցավ հաղթողների պարգևատրման արարողությունը։ «2023-2024 ուստարվա լավագույն ուսանող» պատվավոր կոչման արժանացած ուսանողները ստացան իրենց մրցանակները։
Մրցանակաբաշխությունն իր տրամաբանական շարունակությունն ստացավ ՃՇՀԱՀ-ի ռեկտորատի նիստում, որտեղ բուհի ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանը շնորհավորեց Աննա Հովակիմյանին՝ նրա նվաճման համար և հանձնեց մրցանակը՝ կարևորելով ուսանողների ակադեմիական նվաճումներն ու բուհի դերը նրանց կրթական ուղու ձևավորման մեջ։
Ի պատասխան՝ Աննա Հովակիմյանը շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական կազմին և իր դասախոսներին, ընդգծելով, որ առանց նրանց տքնաջան աշխատանքի, նվիրվածության և աջակցության իր հաջողությունը պարզապես չէր լինի։