ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ֆրանսիայի Լիոն քաղաքում իրականացավ Worldskills 2024 օլիմպիադան, որտեղ Հայաստանը պատվով ներկայացրին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներ Լուիզա Մկրտչյանը (Վեբ տեխնոլոգիաների հմտությունների գծով) և Արմինե Հակոբյանը (Բջջային հավելվածների հմտությունների գծով): Թիմը ղեկավարում էր համալսարանի Ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի ամբիոնի դասախոս Կարեն Պետրոսյանը։
Մինչ օլիմպիադան ուսանողները խորացրին իրենց մասնագիտական գիտելիքները ՃՇՀԱՀ-ում և Picsart Academy-ում՝ ուսումնասիրելով նոր ծրագրավորման լեզուներ և հմտություններ: Օլիմպիադայի չորս օրերի ընթացքում, նրանք ամեն օր վեց ժամ տևողությամբ հանձնեցին քննությունները՝ ցուցադրելով իրենց պատրաստվածությունը և ունակությունները:
Մասնակիցները Լիոնում այցելել են Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն, ինչպես նաև զանազան թանգարաններ՝ ծանոթանալով քաղաքի մշակութային ժառանգությանը:
Այս կարևոր իրադարձությունը ոչ միայն ուսանողների մասնագիտական աճի հարթակ էր, այլև ամուր հիմք միջազգային համագործակցության և մասնագիտական զարգացման նոր հնարավորությունների համար, որը նպաստում է հայ ուսանողների միջազգային ասպարեզում ճանաչմանը և առաջընթացին։