(010) 303-300

ՃՇՀԱՀ-ՈՒՄ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՈՒՄ, ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՅԱՄԱՆԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ

Կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում հայ-ռուսական բարեկամության հերթական դրսևորումը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում էր: ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության, Երևանում մշակույթի և գիտության ռուսաստանյան կենտրոնի և  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համագործակցության շրջանակում, մեր համալսարանում բացվեց ռուսաց լեզվի կենտրոնը:

Հանդիպման մեկնարկին ՀՀ-ում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատամատարը Ա. Սինեգուբը նախ, շնորհավորեց Եղիազար Վարդանյանին՝ ռեկտորի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և ողջունեց բոլոր ներկաներին: Աշխարհում տիրող համավարակային ծանր պայմաններում՝ դեսպանության ներկայացուցիչը կարևոր ու խորհրդանշական համարեց մեր համալսարանում ռուսաց լեզվի կենտրոնի բացման հանգամանքը՝ նշելով, որ, կրթության և գիտության ոլորտում այն կլինի հերթական կապող օղակը հայ և ռուս ժողովուրդների միջև:

Միջոցառման օրակարգի հաջորդ, կարևորագույն կետը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Սանկտ Պետերբուրգի արտադրական տեխնոլոգիաների և դիզայնի համալսարանի միջև համագործակցության պայմանագրի ստորագրումն էր: Փաստաթղթի ստորագրումը ամուր հիմք կհանդիսանա երկու համալսարանների միջև համագործակցության ամրապնդմանը, մասնավորապես՝ գիտակրթական ու հետազոտական համատեղ նախագծերի իրականացմանը, համատեղ վերապատրաստման ծրագրերի ներդրմանը, մասնագիտական գրականության, տեղեկատվության ու փաստաթղթերի փոխանակմանը, ամառային և ձմեռային ուսանողական միջազգային դպրոցների կազմակերպմանը և այլ փոխադարձ հետաքրքրություններ կայացնող նախագծերի իրականացմանը: Առանձնակի ուշադրություն կդարձվի գիտական թվայնացված գրադարանների հասանելիությունը ՃՇՀԱՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանղների համար ապահովելու ուղղությամբ:

 

 

11.12.20