Տարվա ավարտին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետը, հավատարիմ մնալով ձևավորված ավանդույթին, հյուրընկալեց արտաբուհական ճարտարապետների և ոլորտային գործընկերների մասնակցությամբ հաշվետվողական հանդիպում-քննարկում։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ֆակուլտետի տարվա ընթացքում արձանագրած հիմնական ձեռքբերումները, նոր մեկնարկած մագիստրոսական կրթական ծրագրերը, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիական լուծումները՝ այդ թվում բետոնի տպիչը և այլ նոր սարքավորումներ, որոնք միտված են կրթական գործընթացի որակի բարձրացմանը և ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը։
Քննարկման առանցքում էին նաև ճարտարապետական կրթության թարմացված մեթոդաբանական սկզբունքները և դրանց արդյունավետ փոխանցման ուղիները։ Այս համատեքստում հատուկ կարևորություն տրվեց արտաբուհական ճարտարապետների հետ բաց ու կառուցողական երկխոսությանը՝ նպատակ ունենալով ամրապնդել բուհ–նախագծային կազմակերպություններ կապը, ապահովել ընդհանուր մասնագիտական գաղափարախոսության տարածումն ու կրթական և գործնական գործընթացների սինխրոնիզացիան։
Այսպիսի հանդիպումները կարևոր հարթակ են փորձի փոխանակման, համագործակցության խորացման և ժամանակակից ճարտարապետական կրթության շարունակական զարգացման համար՝ միավորելով ակադեմիական և մասնագիտական համայնքները մեկ ընդհանուր նպատակով։