Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում ավարտվեց «Մակարոնային շինարար» միջազգային մրցույթը, որն այս տարի անցկացվեց 15-րդ անգամ։ Մրցույթին մասնակցեց 26 թիմ՝ Ռուսաստանի տարբեր շրջաններից, ինչպես նաև Հայաստանից և Բելառուսից։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը մրցույթին ներկայացավ Շինարարության ֆակուլտետի ուսանողական թիմով, որն «Ամենամեծ բացվածքով կառույց» անվանակարգում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։ Հաղթող թիմի անդամներն էին՝ Վլադիմիր Սաֆիրիդին, Մովսես Հակոբյանը, Գևորգ Հյուսիսյանը, Տիգրան Թևոսյանը և Նիկոլայ Հարությունյանը։
Մրցույթը յուրօրինակ հարթակ է ուսանողների համար ձեռք բերելու գործնական հմտություններ շինարարական մեխանիկայի և ճարտարապետության ոլորտում, փորձելու իրենց ուժերը նախագծման և շինարարական մտածողության մեջ, փոխանակվելու գիտելիքներով ու ստեղծագործական գաղափարներով։
ՃՇՀԱՀ-ի թիմի ղեկավար, Ճանապարհների և կամուրջների ամբիոնի վարիչ Արտաշես Սարգսյանը նշեց. «Նման մրցույթները ուսանողների ուսուցման մի ձև են, երբ նրանք սեփական ձեռքերով կառուցում են իրենց նախագծած կառույցները և գործնականում տեսնում են՝ ինչպես է աշխատում այդ կառույցը և ինչու է փլվում։ Շատ օգտակար է տեսնել, թե ինչպես են աշխատում կառույցները։ Մրցույթը ուսանողներին խրախուսում է հասնել նոր նպատակների:Մեր թիմը ներկայացրեց երկաթուղային կամուրջ՝ Դիլիջանից Վանաձոր տանող ուղու վրա։ Սա առաջին փորձն էր, որը կաշխատենք հաշվի առնել հետագա մասնակցության համար»։
Մրցույթն անցկացվում է երկու անվանակարգով՝ «Ամենաբարձր կառույց» և «Ամենամեծ բացվածքով կառույց», որտեղ հաշվի է առնվում ոչ միայն կառուցվածքի չափը, այլև արտահայտչականությունն ու նյութերի օգտագործման արդյունավետությունը։ Հոբելյանական տարվա մրցույթում առաջին անգամ հաղթանակը երկու անվանակարգերում էլ նվաճեց մեկ թիմ՝ Բելգորոդի Վ.Գ. Շուխովի անվան պետական տեխնոլոգիական համալսարանը։