(010) 303-300

«ՃՇՀԱՀ ՇԱԽՄԱՏԻ ԳԱՎԱԹ 2023» ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐ

Ավարտվեց «ՃՇՀԱՀ ԳԱՎԱԹ 2023» միջբուհական նախընտրական մրցաշարը, որին մասնակցում էին համալսարանի և ՄՄԿ քոլեջի շախմատի կարգ ունեցող ուսանողները։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջնությունը անցկացվում էր տղաների և աղջիկների միջև, մրցաշարի հաղթող ճանաչվեց Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Մերի Թադևոսյանը, երկրորդ տեղը գրավեց Միջին մասնագիտական կրթության քոլեջի ուսանող Կարեն Բաննահյանը, վերջինս զիջեց հաղթողին ընդամենը լրացուցիչ ցուցանիշներով։ Երրորդ և չորրորդ տեղերը համապատասխանաբար կիսեցին Դիզայնի ֆակուլտետի ուսանող Ավետիս Կասմիյանը և Ճարտարապետության ֆակուլտետի ուսանող Վարդան Բդոյանը։ Աղջիկների մեջ երկրորդ մրցանակը նվաճեց Ճարտարապետության ֆակուլտետի ուսանողուհի Արմինե Գալենցը, իսկ երրորդ տեղը բաժին հասավ ՄՄԿ քոլեջի երրորդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Չոբանյանին։

«Այս անգամ որոշեցինք մրցաշարն անցկացնել համալսարանի ուսանողների համեմատաբար ուժեղ կազմի միջև, որ թեժ պայքարում որոշվեն հաղթողերը։ Այդպես էլ ստացվեց, վերջին մրցաշարից առաջ հինգ ուսանող հավակնում էին նվաճելու այս տարվա հաղթողի տիտղոսը։ Հաղթողները և լավ խաղ ցուցադրողները ընդգրկվելու են մեր համալսարանի հավաքականներում և առաջիկայում ապրիլի 18–ին պատրաստվում ենք մասնակցել միջբուհական մրցաշարին»։– նշեց կանանց միջազգային գրոսմայստեր, դոցենտ Լիլիթ Գալոյանը։

Մրցաշարն սկսել է ավանդական բնույթ կրել, արդեն երկրորդ տարին անընդմեջ գարնանը ՃՇՀԱՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնի շախմատի դասախոսները՝ Լիլիթ Գալոյան, Վարսենիկ Ղարսյլան, Լուսինե Կարապետյան, անցկացնում են շախմատի մրցաշարը և առողջ մրցակցություն ստեղծում համալսարանի պատերի ներքո։

25.03.23