Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը ողջունում և առանձնահատուկ ուշադրության է արժանացնում համալսարանի յուրաքանչյուր ուսանողին՝ հատկապես, երբ խոսքը վերաբերում է առաջին կուրսեցիներին:
Երեկ համալսարանում այդ ջերմ ընդունելությանն արժանացան Դիզայնի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողները: Թվով 126 ապագա դիզայներներին իրենց բարիգալստյան մաղթանքներն ուղղեցին Դիզայնի ամբիոնի վարիչ Աշոտ Բաղդասարյանը, Ֆակուլտետի դեկան Արմեն Բուբուշյանը, «Միջավայրի դիզայն» ամբիոնի վարիչ Արտաշես Մելիքյանը, Ուսխորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը:
Ռեկտոր Գագիկ Գալստյանը նորեկ ուսանողներին հորդորեց մշտապես գտնվել սովորելու, ստեղծագործելու և նորը վերցնելու գործընթացում. «Ձեր մասնագիտությունը ճաշակի, շնորհքի, գեղեցիկի աշխարհ է, որտեղ անդադար սովորելու կարիք եք զգալու: Այս հարցում, վստահ եղեք, որ ձեզ կօգնեն մեր մասնագետները»:
Արմեն Բուբուշյանը, շնորհավորելով ուսանողներին, հույս հայտնեց, որ 4 տարի հետո նրանք կդառնան արդեն ընկերներ և կոլեգաներ, քանի որ մեր համալսարանում գործող լաբորատորիաները, տեսանելի ուսուցումն ու կազմակերպվող ցուցահանդեսները կնպաստեն արագ ներգրավվել ստեղծագործ միջավայրին:
«Հաջորդ տարի լրանում է դիզայնի ամբիոնի 10 տարին»,- ուսանողներին հպարտությամբ տեղեկացրեց Աշոտ Բաղդասարյանը և վստաբար նշեց, որ հենց այս առաջին կուրսեցիներից բազմաթիվ շնորհաշատ ուսանողներ իրենց աշխատանքները կներկայացնեն հոբելյանական միջոցառումներին:
Դիզայն մասնագիտության արդիականության ու պահանջարկի մասին էլ խոսեց Արտաշես Մելիքյանը, միաժամանակ ընդգծելով, որ լավ մասնագետ հնարավոր է դառնալ միայն մեծ նվիրվածության և պարտաճանաչության շնորհիվ:
«Ուրախ եմ, որ ընտրել եք հենց մեր բուհը»,- ողջունեց ուսանողներին Հովսեփ Հովեյանը և հավատացրեց, որ բացի լավ մասնագետ դառնալուց, նրանք կդառնան նաև մեր երկրի համար պիտանի քաղաքացիներ: