ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցի 6 աշակերտ պատմության ուսուցչուհի Նարինե Գալստյանի ղեկավարությամբ մասնակցել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կազմակերպած ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ ասոցացված դպրոցների համար հայտարարված «Միջմշակութային հաղորդակցում, տարբեր մշակույթների և ժառանգությունների արժևորում» մրցույթին ու հաղթել։
Ռեկտոր Եղիազար Վարդանյանը, շնորհավորելով աշակերտներին հաղթանակի առթիվ, կարևորեց տարատեսակ մրցույթների մասնակցությունը, որոնց արդյունքում աշակերտները հասնում են հաջողության, իսկ մանկավարժները տեսնում են իրենց աշխատանքի պտուղները։ «Բարձր եմ գնահատում մեր ուսուցիչների նվիրումը, երբ իրենց քրտնաջան աշխատանքի արդյունքում մեր սաները ստանում են ոչ միայն որակյալ կրթություն, այլ նաև ունենում են հաղթանակներ՝ բարձր պահելով դպրոցի ու համալսարանի անունը»,− նշեց պարոն Վարդանյանը և աշակերտներին հանձնեց շնորհակալագրեր։
Տիկին Գալստյանը, շնորհակալություն հայտնելով ՃՇՀԱՀ ղեկավարությանը գնահատանքի ու աջակցության համար, նշեց․ «Երբ դպրոցը ստանում է նման առաջադրանքներ, սիրով ենք իրականացնում այն։ Սա մեր երկրորդ նմանօրինակ հաղթանակն է, այնպես որ գիտակցում ենք, որ կրկնակի պատասխանատվություն ենք կրում սահմանված նշաձողը պահելու և ավելինին հասնելու հարցում: Լինելով համալսարանական դպրոց՝ մեզ համար կարևոր են ոչ միայն ուսումնական գործընթացում մեր աշակերտների հաջողությունները, այլ նաև արտադասարանական պայմաններում նրանց ձեռքբերումները»: