(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ՃՇՀԱՀ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ» ՇԱՐՔԻ

ՃՇՀԱՀ ուսանողներն ու դասախոսները հաճախ են միջազգային մրցույթներից վերադառնում մրցանակներով: Օրերս Ճարտարապետության ֆակուլտետի արվեստանոցում ուսանողներին շնորհվեցին ճարտարապետության ֆակուլտետի՝ 2020-2021 ուսումնական տարվա ընթացքում ստուգատես-մրցույթներին ներկայացված և հաջողություն գրանցած ավարտական 16 աշխատանքների մրցանակները (13-ն արժանացել է առաջին, իսկ 3-ը՝ երկրորդ կարգի դիպլոմների):

Հաջորդիվ ներկայացվեցին Չինաստանում Պեկինի շինարարական համալսարանի կողմից կազմակերպված միջազգային մրցույթ-ստուգատեսին համալսարանից մասնակցած 5 անդամներից բաղկացած 2 թիմերի ձեռքբերումները: Ուրախությամբ պետք է փաստենք, որ թիմերից մեկը (ղեկավարներ՝ ՃՇՀԱՀ ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Աննա Ենգոյան և դոցենտ Անահիտ Վարդանյան) 121 մասնակից թիմերի շարքում գրավել է երկրորդ տեղը՝ արժանանալով հատուկ վկայականի:

Միջոցառումը եզրափակվեց շնորհավորական ելույթներով ու շնորհակալանքի խոսքերով՝ ուղղված թե՛ մեր ուսանողներին, թե՛ իրենց ղեկավարներին և, իհարկե, Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի պրոֆեսոր Հայկ Ասատրյանին, որն Իտալիայում անցկացվող «Միքելանջելոյի վրձինը» մրցույթում ներկայացված «Միանվագ» խորագրով պաստելային աշխատանքի համար արժանացել է առաջին կարգի մրցանակի, ինչպես նաև նույն ամբիոնի ասիստենտ Գրիգոր Բաբաջանյանին։ Վերջինս Մինսկում կայացած Երիտասարդ ճարտարապետների 9-րդ միջազգային բիեննալի ժամանակ «Կառուցված նախագծեր» անվանակարգում գրավել է առաջին պատվավոր հորիզոնականը՝ ներկայացնելով ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգին։ Գ․ Բաբաջանյանն արժանացել է դիպլոմի ու մեդալի:

28.03.22