Տեղի ունեցավ լեզուների ամբիոնի նիստը: Նիստը վարում էր ռեկտոր Եղիազար Վարդանյանը: Նիստին մասնակցում էին ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը, ՃՇՀԱՀ աշխատակազմի ղեկավար Հովսեփ Հովեյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Սուքիասյանը, գիտական քարտուղար Լևոն Լևոնյանը, ռեկտորի խորհրդական Սուրեն Հովսեփյանը, Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկան Մարինե Գրիգորյանը:
Ռեկտորը ներկայացրեց ամբիոնի նորանշանակ վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Ստելլա Ավշարյանին: Պարոն Վարդանյանը նշեց, որ մանրամասն ուսումնասիրվել են ամբիոնի բոլոր աշխատակիցների անհատական գործերը, նրանց անցած կրթական ուղին, գործունեությունը, ինչպես նաև կարևորվել են ուսանողների հարցումների արդյունքները: «Նշված բոլոր գործոնները հաշվի առնելով՝ կայացրել եմ որոշում՝ տիկին Ավշարյանին վստահել ամբիոնի ղեկավարումը։ Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ, տիկի՛ն Ավշարյան, մաղթել բարեհաջող ու արդյունավետ աշխատանք, քանի որ ինձ համար շատ կարևոր է, որ մեր շրջանավարտները համալսարանն ավարտելուց հետո լավ տիրապետեն ոչ միայն մայրենի լեզվի առանձնահատկություններին, այլև կարողանան հաղորդակցվել առնվազն երկու օտար լեզվով։ Այս ամենի համար ես պատրաստ եմ շարունակել էլ ավելի աջակցել ամբիոնին՝ բոլոր խնդիրները լուծելու համար»,- նշեց պարոն Վարդանյանը։
Ելույթ ունեցավ աշխատակազմի ղեկավար Հովսեփ Հովեյանը, նշեց որ համալսարանի բոլոր ստորաբաժանումները պատրաստ են աջակցելու ամբոնին՝ ի դեմս ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Ստելլա Ավշարյանի՝ ռեկտորի կողմից նախանշված բոլոր նպատակները օր առաջ իրականություն դարձնելու համար։
Տիկին Ավշարյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ նշելով․ «Հարգարժա՛ն ռեկտոր, հարգելի՛ գործընկերներ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վստահության համար: Ես որոշում եմ կայացրել ընդունելու ռեկտորի՝ Լեզուների ամբիոնի վարիչի պարտականությունները ստանձնելու առաջարկը՝ միմիայն ի նպաստ բուհի կողմից նախատեսվող բարեփոխումների նոր ծրագրի և ամբիոնի աշխատանքային բնականոն գործունեության շարունակման ու բարելավման համար: Ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր ջանքերը գործադրելու եմ ամբիոնի գործունեությունը զարգացման նոր աստիճանի վրա դնելու համար՝ պահպանելով համալսարանի բարձր հեղինակությունն ու հավատարիմ մնալով համալսարանական լինելու բարձր կոչմանը: Վստահ եմ, որ գործընկերներս կօգնեն միասին ու համագործակցաբար առաջ տանել ամբիոնը՝ հաղթահարելով մեր ճանապարհին հանդիպած խոչընդոտները»:
Ելույթ ունեցան նաև ամբոնի մի շարք աշխատակիցներ, շնորհակալություն հայտնեցին և իրենց երախտագիտական խոսքը փոխանցեցին ռեկտորին՝ նման արժանի որոշում կայացնելու համար: Նշեցին, որ պատրաստ են ավելի մեծ եռանդով նվիրվել մեր ուսանողներին կրթելու ու գիտելիքներով զինելու պատվաբեր գործին:
Ստելլա Ավշարյանը ծնվել է 1979 թվականին: 1985-1995 թթ․ ստացել է միջնակարգ կրթություն: 1995-2000 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանում։ 2001-2004 թթ. հիմնադրել ու ղեկավարել է «CHANCE» օտար լեզուների ուսումնական կենտրոնը, դասավանդել է անգլերեն, ռուսերեն (օտարերկրյա քաղաքացիներին՝ անգլերենով), 2001-2006թթ. աշխատել է որպես հրահանգիչ ՄԱԿ-ի զարգացման հայաստանյան գրասենյակում: 2006-2018 թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանում, 2019 թվականից դասախոսում է ՃՇՀԱՀ-ում:
«Բայական կապակցությունների անգլերեն-ռուսերեն-հայերեն բառարանի» (English-Russian-Armenian dictionary of phrasal verbs) հեղինակն է։ Գիրքը երաշխավորվել է հրատարակության ԵՊՀ գիտական խորհրի կողմից:
«ITEP» միջազգային մասնագիտական թեստավորման կենտրոնի կողմից միջազգային «C» կարգի որակավորված մասնագետ է: