Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջին մասնագիտական կրթության քոլեջում այսօր հրաժեշտի օր էր: Եռամյա կրթության պաշարով և մեծ ապագայի ակնկալիքով՝ շուրջ 60 ուսանողի համար հնչեց վերջին զանգը:
Բազմամարդ դահլիճում արդեն մեծ ճանապարհի ուղին բռնած ուսանողներն իրենց երախտիքի խոսքերը հղեցին քոլեջի տնօրինությանն ու դասախոսներին՝ լավ մարդ, քաղաքացի և մասնագետ դառնալու խոստումով:
Երգ ու պարով, ասմունքով համեմված վերջինզանգյան միջոցառման մեկնարկը քոլեջի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանը սրբազան պարտք համարեց սկսել՝ հարգելով ապրիլյան պատերազմում զոհված հերոս հայորդիների հիշատակն ու խիզախությունը հարգելով: Շնորհավորելով շրջանավարտներին՝ տիկին Հովհաննիսյանը նրանց մաղթեց կանաչ ու խաղաղ ճանապարհ և անկախ մասնագիտությունից՝ Հայրենիքի ու հայ ազգի նկատմամբ մեծագույն ակնածանք և, թեկուզ անգամ, կյանքի գնով պաշտպանելու պատրաստակամություն: