(010) 303-300

ՃՇՀԱՀ-Ի ՌԵԿՏՈՐ ԵՂԻԱԶԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

  Սիրելի ուսանողներ, աշակերտներ, դասախոսներ, ուսուցիչներ և աշխատակիցներ՝ անցնող 2020-ը ծանր փորձությունների տարի էր աշխարհի և հատկապես Հայաստանի համար։ Տարեմուտի նախաշեմին առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում և խոնարհվում ե՛մ մեր հերոսների ծնողների առջև՝ հայրենասեր քաջորդիներ դաստիրակելու համար։ Խոնարհվում ե՛մ իրենց կյանքը հանուն մեզ և մեր պետության պաշտպանության համար հավերժացած զինվորների և սպաների հիշատակի առջև։

Տարին ծանր էր նաև մեր համալսարանի համար։ Մենք կորցրեցինք զինվոր դարձած լուսավոր ուսանողներ, Covid19-ը ընդհատեց մեր ավագ գործընկերներից շատերի կյանքը, ովքեր խոշոր մարտիկներ էին կրթության և գիտության դաշտում։ Նրանք բոլորը անմահացան իրենց գործերով՝ գործեր, որոնք մենք պարտավոր ենք շարունակել, զարգացնել և հասցնել ավարտին։

   Մենք հայերս միշտ էլ աչքի ենք ընկել ստեղծագործելու, արարելու, երկիրը շենացնելու ներքին մղումով։ Եվ միշտ հավատքով ենք առաջ գնացել ու հաղթել։ Մենք իրավունք չունենք վհատվելու, հիասթափվելու։ Մեր առաջնային խնդիրն է զարգացնել և շենացնել Հայաստանը՝ պահպանելով դարերի մեջ մխրճված մեր արմատներից եկող հոգևոր, բարոյական և մտավոր արժեքները։

  2021 թիվը Հայաստանի համար թող լինի ձեռքբերումների և հաղթանակների տարի։ Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր հայ ընտանիքում թևածի սերն ու միությունը։ Սիրելի համալսարանականներ. շնորհավորելով գալիք Նոր Տարին և Սուրբ Ծնունդը՝ մաղթում եմ առողջություն, նորանոր ձեռբերումներ անձնական և գործնական կյանքում, հոգևոր և մարմնավոր ներդաշնակություն, խաղաղություն և ստեղծագործելու ավյուն ի բարորություն Հայաստան աշխարհի։

 

30.12.20