ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Հարգելի պարոն Վայլեր,
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ու անձամբ իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ հունիսի 2-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունելու մեջ ունեցած մեծ ավանդի համար:
Համամարդկային խնդիրների բացահայտմանն ու արժևորմանն ուղղված Ձեր և Ձեր համախոհների արդյունավետ գործունեության շնորհիվ միաձայն ընդունվեց այս բանաձևը: Հավատացած ենք, որ այն ոչ միայն ևս մեկ կարևոր քայլ է Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհին, այլև հզոր գործոն մարդկության դեմ կատարած հանցագործությունների դատապարտման ու դրանց կանխարգելման գործընթացում:
Հարգելի պարոն Վայլեր, խնդրում ենք մեր երախտագիտությունն ու բարեկամական ջերմ զգացմունքները փոխանցել Ձեր մերձավորներին, Բունդեսթագի պատգամավորներին և Գերմանիայի ողջ ժողովրդին: Պատմական արդարության վերականգնմանն ուղղված Ձեր սկզբունքային մոտեցումն օրինակելի է տարբեր երկրների ապագան կառուցող առաջադեմ երիտասարդության՝ առանձնապես ուսանողության համար:
Բարին ընդ Ձեզ
Հարգանքով՝ ՃՇՀԱՀ ռեկտոր տ.գ.դ պրոֆեսոր Գ.Շ.Գալստյան