(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ-Ի ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԵԼ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ․ նոյեմբերի 02-ի N 2275-Ա/2 հրամանով հաստատվել է 2023թ. օգոստոսի 11-ին հայտարարված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում երկակի նշանակության ծրագրերի աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության» 2023թ. երկրորդ մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը։

ՃՇՀԱՀ-ի կողմից ներկայացված  «Միկրո և նանո չափանի մասնիկների և բազալտի թելքերի հավելումներով նոր սերնդի բետոնների ստացման և դրանց կիրառմամբ երկաթբետոնե կոնստրուկցիաներով պաշտպանական կառույցների նախագծում և փորձարկում» թեման (ղեկավար՝ Մանուկ Բարսեղյան) 9 հաղթող գիտական թեմաների շարքում է և երաշխավորվել է ֆինանսավորման:

Նախագծի նպատակն է փորձնական և տեսական մեթոդներով հետազոտել և առաջարկել երկաթբետոնե կոնստրուկցիաների պաշտպանիչ հատկությունները բարձրացնելու նորարարական մեթոդներ՝ բետոնի բաղադրակազմում միկրո և նանո չափերի մասնիկներ (ՀՀ-ում առկա թափոններից ստացված) և բազալտե մանրաթելեր ներառելով: Երկաթբետոնը լայնորեն կիրառվում է  շինարարության մեջ, մասնավորապես պաշտպանական կառույցներում՝ շնորհիվ իր բարձր ամրության, երկարակեցության և պայթյունի նկատմամբ մեծ կայունությամբ։ Առաջարկվող նախագծի նպատակն է բարելավել վերոնշյալ հատկությունները՝ բետոնի բաղադրակազմ ներմուծելով օպտիմալ  քանակի միկրո և նանո չափերի մասնիկներ (կոնցենտրացիան՝ ըստ ցեմենտի զանգվածի), ինչպես նաև բազալտի թելքեր։ Հետազոտության արդյունքները կարող են հեղափոխել շինարարության արդյունաբերությունը՝ ապահովելով նոր սերնդի երկաթբետոնե կոնստրուկցիաների բարելավված պաշտպանիչ հատկություններ։

 

05.11.23