Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի աշխատակիցներ Վարազդատ Հովհաննիսյանը և Արմեն Մինասյանը պաշտոնապես ընդգրկվել են ԱՄՆ Ռաթգերսի համալսարանի Ենթակառուցվածքների և տրանսպորտի առաջադեմ կենտրոնի (CAIT) կազմում՝ որպես ասոցացված դասախոսներ(https://cait.rutgers.edu/directory/):
Այս նշանակալի ձեռքբերումը կարևոր քայլ է նրանց մասնագիտական գործունեության մեջ։ Նրանք միաժամանակ հանդիսանում են նաև ԱՄՆ Հայ ինժեներների և գիտնականների ասոցիացիայի Հյուսիսարևելյան մասնաճյուղի (AESA-NE) անդամներ, և այս ձեռքբերումը կայացել է նաև այդ կառույցի աջակցությամբ։ Նրանց ներգրավումը CAIT կենտրոնի աշխատանքներին կնպաստի ՃՇՀԱՀ-ի և Ռաթգերսի համալսարանի միջև գիտական և մասնագիտական համագործակցության խորացմանը, ինչպես նաև համատեղ հետազոտական ծրագրերի իրականացմանն ու գիտելիքի փոխանակման զարգացմանը։
ՃՇՀԱՀ-ը հատուկ շնորհակալություն ենք հայտնում CAIT կենտրոնի ղեկավար դոկտոր Ալի Մահերին՝ մեր աշխատակիցներին ասոցացված դասախոսների կարգավիճակով կենտրոնում ընդգրկելու և գործընթացին աջակցելու համար։
ՃՇՀԱՀ-ի ակադեմիական համայնքը շնորհավորում է Վարազդատ Հովհաննիսյանին և Արմեն Մինասյանին այս կարևոր հաջողության առթիվ և մաղթում շարունակական ձեռքբերումներ նրանց գիտական և մասնագիտական գործունեության մեջ՝ ակնկալելով երկու համալսարանների միջև համագործակցության հետագա ամրապնդում։