(010) 303-300

ՃՇՀԱՀ-Ը ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՔՈՒՐԴԻՍՏԱՆԻ ՃԱՐՏԱՐԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՀՀ Արտաքին գործերի նախարարության և ԿԳՄՍ նախարարության առաջարկով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) հյուրընկալեց Իրաքի Քուրդիստանի ճարտարագետների միության (ՔՃՄ) նախագահի Աբդուլռահման Ալի Մուհամմադի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՔՃՄ փոխնախագահ Սալահուդդին Ֆ. Մոհիալդինը, գերագույն խորհրդի անդամ Ֆիլիպս Պետռուս Ռաշոն, ինչպես նաև ՔՃՄ անդամ Յարվանթ Նայսան Մարկոսը: Վերջինս ծագումով հայ է։

Հյուրերը ծանոթագրական շրջայց կատարեցին Շինարարական քիմիայի, շինարարական նյութերի և պատրաստվածքների, գեոդեզիայի լաբորատորիաներում, ծանոթացան համալսարանի գիտահետազոտական ներուժին և տեխնիկական հնարավորություններին։ Այնուհետև տեղի ունեցավ հանդիպում համալսարանի ղեկավարության հետ, որին մասնակցում էին ռեկտոր Մանուկ Բարսեղյանը, Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վ. Եդոյանը, գիտության վարչության ղեկավար Ս. Թովմասյանը, կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար Վ. Հովհաննիսյանը, ինչպես նաև ֆակուլտետների դեկաններ։

Հանդիպման ընթացքում Քուրդիստանի պատվիրակության ներկայացուցիչները ներկայացրին Քուրդիստանի ճարտարագետների միության պատմությունը, գործունեությունն ու կառուցվածքը, որն իր գործունեությունն սկսել է 2000 թվականից և ներկայումս անդամակցում է շուրջ 26 000 ճարտարագետ։

Քննարկվեցին ուսումնագիտական և ակադեմիական համագործակցության հնարավորությունները։ ՃՇՀԱՀ-ը հաստատեց իր պատրաստակամությունը՝ մատուցելու բարձրագույն կրթություն ճարտարապետության, շինարարության, դիզայնի և կառավարման մասնագիտություններով՝ բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի մակարդակներով, ինչպես Քուրդիստանի քաղաքացիների, այնպես էլ հայ համայնքի ներկայացուցիչների համար։

Հյուրերը ընդգծեցին, որ պատրաստ են աջակցել Քուրդիստանի ճարտարապետության, շինարարության և կառավարման մասնագիտություններով համալսարանների հետ համագործակցության ստեղծմանը, ինչը կնպաստի երկու երկրների կրթական և գիտական կապերի ամրապնդմանը։

13.04.25