(010) 303-300

ՃՇՀԱՀ-Ը ԵՎ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-Ն ԿՆՔԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանը և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետ Արտաշես Գաբրիելյանը, նպաստելու բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ու արտադրության փոխինտեգրմանը, զարգացնելու և ամրապնդելու փոխշահավետ համագործակցությունը, կնքեցին համագործակցության հուշագիր:

Ըստ հուշագրի կողմերը նախատեսում են աջակցել գիտական, փորձարարական, նորարարական և կրթական ծրագրերի մշակմանն ու արդիականացմանը, ապագա կադրերի խորացված մասնագիտական ուսուցմանը, վերապատրաստմանը, որակավորման բարձրացման ապահովմանը, ինչպես նաև՝ համագործակցել կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։

ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանը կարևորելով համալսարանի համագործակցությունը նման կազմակերպությունների հետ նշեց. «Շատ ուրախ եմ, որ համագործակցությունը միտված է նաև գիտահետազոտական ծրագրերի, նախագծերի համատեղ մշակմանը և իրականացմանը: Համալսարանի ուսանողները համագործակցության շրջանակներում հնարավորություն կունենան օգտագործելու մասնագիտական լաբորատորիաները՝ գիտահետազոտական աշխատանքների իրականացման նպատակով, ինչպես նաև թափուր հաստիքների առկայության դեպքում աշխատելու կազմակերպությունում, ինչը, իսկապես, ողջունելի է»:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետ Արտաշես Գաբրիելյանը հույս հայտնեց, որ համագործակցությունը կունենա շարունակական բնույթ և երկուստեք, կիրառելով մասնագիտական ներուժ, կկարողանան հասնել մեծ արդյունքների:

17.05.24