Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան էր այցելել Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Լոր Կաստենը՝ Հայաստանում ՖՀԳ ազգային գրասենյակի ղեկավար Ռուզաննա Ղալթաղչյանի ուղեկցությամբ:
Հանդիպումը մեկնարկեց համալսարանի ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանի ողջույնի խոսքով: Վերջինս շնորհավորելով տիկին Լոր Կաստենին Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (ՖՀԳ) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի պաշտոնին նշանակվելու առթիվ, ջերմորեն ողջունեց նաև համալսարան առաջին այցի կապակցությամբ. «ՃՇՀԱՀ-ը 2011թ.-ից Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ասոցիատիվ անդամ է և 2014թ. համալսարանում հիմնվել է Ակադեմիական նվաճումների կենտրոնը: ՖՀԳ անդամակցությունը նպաստել է ֆրանկոֆոն երկրների բուհերի և կազմակերպությունների հետ ՃՇՀԱՀ երկարամյա համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև հպարտությամբ ուզում եմ նշել, որ 1994 թվականից ի վեր ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի շրջանավարտներին շնորհվող դիպլոմը պաշտոնապես ճանաչվում է ֆրանսիական կառավարության կողմից: Վստահ եմ, որ մեր բազմակողմանի համագործակցությունը ստեղծում է բարենպաստ միջավայր ֆրանսերենի տարածման գործում:
Եզրափակելով ողջույնիս խոսքը, ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեր այցի կապակցությամբ և մաղթել շարունակական հաջողություններ Ձեր կարևոր առաքելության մեջ»:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Լոր Կաստենը: Նա նշեց. «Շատ ուրախ եմ, որ այսօր գտնվում եմ հենց այստեղ և ծանոթանում եմ հայ քաղաքակրթությանը: Շնորհակալություն եմ հայտնում բուհի ղեկավարությանը, քանի որ գիտեմ, որ համալսարանը մշտապես նախաձեռնող և հետևողական է եղել բոլոր ծրագրերի և միջոցառումների իրականացման համար: Շուտով կմեկնարկեն նոր ծրագրեր և մենք պատրաստակամ ենք և բաց բոլոր միջոցառումների նախաձեռնման և քննարկման համար»:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին, ՖՀԳ անդամակցության շրջանակներում իրականացված համալսարանի ուսանողների, դասախոսների և վարչական աշխատողների փոխանակումները արտասահմանում և Հայաստանում, մրցույթները, սթարթափերը, վերապատրաստման դասընթացները, ուսանողական փառատոները, ինչպես նաև Ակադեմիական նվաճումների կենտրոնի շրջանակներում իրականացված միջոցառումները:
Հանդիպման ավարտին այցելեցին ՃՇՀԱՀ Ակադեմիական նվաճումների կենտրոն և երկուստեք նվիրեցին խորհրդանշական հուշանվերների փաթեթներ՝ կարևորելով համագործակցության շարունակականությունը: