Օրերս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան այցելեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալի Գիտության գծով ներկայացուցիչ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Իրանի ԳԱ թղթակից անդամ, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Մկրտիչ Թումանյանը:
Այցելության նպատակն էր` զարգացնել երկու երկրների միջև գիտական, տեխնոլոգիական ու համալսարանական կապերն ու համագործակցությունը, միևնույն ժամանակ լուծել Իրանում դիպլոմների ճանաչման հարցը, որը կնպաստի երկու երկրների գիտական-դիվանագիտության համագործակցության զարգացմանը:
Հանդիպմանը ներկա էին ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանը, համալսարանի աշխատակազմի ղեկավար Փայլակ Կարապետյանը, Կրթական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Սուքիասյանը, Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը, Արտաքին կապերի վարչության խորհրդական Արմեն Մինասյանը, Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը, Միջազգային և միջբուհական համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Ժաննա Հակոբյանը:
Մինչ պաշտոնական հանդիպման սկիզբը, պրոֆեսոր Մկրտիչ Թումանյանը` համալսարանի ղեկավարության ուղեկցությամբ, ճանաչողական շրջայց կատարեց ուսումնագիտական և հետազոտական լաբորատորիաներ, արվեստանոցներ:
Պարոն Բարսեղյանը ողջունելով բոլորին ներկայացրեց իր Իրան կատարած այցի, վերջին շրջանում մեր համալսարան Իրանից աշխատանքային այցերով ժամանած բուհերի պատվիրակությունների ներկայացուցիչների հետ կայացած բանակցությունների մասին տեղեկատվությունը: Ռեկտորի ժ/պ Մ. Բարսեղյանը նշեց, որ ՃՇՀԱՀ-ում սովորել և սովորում են Իրանի Իսլամական Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ավարտելուց հետո իրենց մասնագիտությամբ աշխատանքի են անցնում թե՛ Իրանում, թե՛ Հայաստանում և թե՛ արտերկրում: Այս համատեքստում կարևորեց ավարտական փաստաթղթերի փոխադարձ ճանաչման խնդիրը: Պարոն Մինասյանը մանրամասն ներկայացրեց ՃՇՀԱՀ-ի և Իրանի առաջատար բուհերի և կազմակերպությունների միջև ձևավորված ակադեմիական, գիտահետազոտական համագործակցությունը:
Պրոֆեսոր Թումանյանը բարձր գնահատեց կատարած աշխատանքները և իր պատրաստակամությունը հայտնեց հնարավոր աջակցություն ցուցաբերելու երկու երկրների բուհերի ավարտական փաստաթղթերի փոխադարձ ճանաչման հարցում: Այդ նպատակով պրոֆեսոր Մկրտիչ Թումանյանին փոխանցվեց անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը: