(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ԵՐԿՈՒ ՈՒՍԱՆՈՂ ԿՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԻ ՀՌՈՒՄՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և IRD Engineering (Իտալիա) ընկերության միջև ստորագրված եռակողմ հուշագրի շրջանակներում 2022 թվականին երկրորդ անգամ անցկացվեց  Շինարարական ճարտարագիտության ամառային դպրոցը: Միջոցառումը բաղկացած էր երկու մասից. առաջին մասում ներկայացվեց ընկերության գործունեության հաշվետվությունը, երկրորդ մասում տեղի ունեցավ ամառային դպրոցի կատարված աշխատանքների մասին հաշվետվություն և պարգևատրման արարողություն:

Բացման ելույթով հանդես եկավ Ճանապարհային դեպարտամենտի տնօրեն Գոռ Ավետիսյանը: Վերջինս իր խոսքում կարևորեց համալսարանի ընդգրկվածությունը թե՛ նախարարության և թե՛ ոլորտային կազմակերպությունների հետ համագործակցության հարցում:

Ռեկտոր Եղիազար Վարդանյանը իր խոսքում ընդգծեց որ ինժեներական մասնագիտությունները չեն կարող լիարժեք դասավանդվել, հնարավոր չէ որակյալ շրջանավարտներ թողարկել, եթե տեսությունը չի զուգակցվում գործնական աշխատանքի հետ։ Այս դպրոցը լուծում է այդ հարցը՝ ուսանողներին կիրառական գիտելիքներ փոխանցելով շինհրապարակներում, հաղորդելով միջազգային փորձագետների հարուստ փորձը, ինչպես նաև սովորեցնելով ճանապարհաշինարարական մեծ ծրագրերի կառավարման հմտությունները։ Շինարարական մասնագիտություններում, որպես կանոն, ընդգրկվում են տղաները, սակայն համալսարանի ռեկտորն առանձնացրեց այն փաստը, որ Ճարտարագիտության դպրոցի մասնակիցների մեծ մասն աղջիկներ էին։ Այսպիսով՝ կոտրվում է այն կարծրատիպը, թե շինարարական մասնագիտությունը միայն տղամարդկանց համար է։ Պարոն Վարդանյանը շնորհակալություն հայտնեց IRD Engineering ընկերությանը՝ արդյունավետ աշխատանքի համար, հավելելով, որ ընդհամենը 2021թ. մայիս ամսին, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի կողմից նախաձեռնված եռակողմ հուշագրի շրջանակում ձևավորվեց  Ամառային դպրոցը, իսկ հունիս ամսին դպրոցն ընդունեց իր առաջին մասնակիցներին:

Պարգևատրման արարողությանը ռեկտոր Եղիազար Վարդանյանը, Ճանապարհային դեպարտամենտի տնօրեն Գոռ Ավետիսյանը, «IRD Engineering» ընկերության գործառնական ղեկավար  Ֆաբիո Բուոնոմոն և տարածաշրջանային տնօրեն Ալոյա Պիերլուիգին միասին ամառային դպրոցի շրջանավարտներին հանձնեցին մասնակցության վկայականները, իսկ Կառավարման և տեխնոլոգիա ֆակուլտետի մագրիստրոս Սաթենիկ Հայրապետյանը և Ճարտարապետության ֆակուլտետի ուսանողուհի Անի Լալայանը ստացան ուղեգիր դեպի Հռոմ՝ ծանոթանալու այնտեղ կատարվող ճանապարհաշինարարական աշխատանքներին:

 

08.02.23