ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
ՃՇՀԱՀ-ի կողմից իրականացվող «Ճարտարապետական ժառանգություն և ժամանակակից ճարտարապետություն» (ICAHCA) միջազգային 2-րդ գիտաժողովը ընդգրկվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող միջոցառումների ցանկում:
Այս պահի դրությամբ 2024 թվականին ֆինանսավորելու համար ընդհանուր առմամբ հաստատված են 24 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 12 դպրոց:
Միջազգային գիտաժողովի նպատակն է ճարտարապետական հուշարձանների, պատմական լանդշաֆտի պահպանությունը, քաղաքային միջավայրի, ինչպես նաև հարմարավետ նոր տարածական միջավայրի ստեղծման հրատապ խնդիրների լուծումը։
Գիտաժողովի ընթացքում մասնակիցները՝ Հայաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Լեհաստանից և Իրանից հանդես կգան զեկուցումներով, բոլոր ներկայացված զեկուցումների համառոտագրերը կտպագրվեն առանձին գրքով, իսկ գիտաժողովի զեկուցումները հոդվածի տեսքով՝ Scopus գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված պարբերականում:
Միջազգային գիտաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 3-5-ը Լոռու մարզի Դեբետ գյուղի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում:
Գիտաժողովի համար ստեղծվել է կայք, որտեղ մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել, կցել համառոտագրերը, հոդվածները և ծանոթանալ մանրամասներին: